Նիկոլ Փաշինյանը հոգնել է ֆեյսբուքից

Գաղտնիք չէ, որ գործող իշխանության ներկայացուցիչները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեծ սեր ու կախվածություն ունեն ֆեյսբուքից, գրում է «Հրապարակը»:

Հատկապես 2018-ին և դրան հաջորդող տարիներին Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ էր ֆեյսբուքյան տիրույթում, սակայն հիմա զգալիորեն պասիվացել է՝ ակտիվ գրառումներ չկան, լայվեր չի անում: Վարչապետ Փաշինյանն իր էջում հիմնականում տեղադրում է ՀՀ կառավարության նիստերը և իր այցերն այս կամ այն երկիր:

Փաշինյանի հետևորդները նույնպես բավականին պասիվացել են: Եթե նախկինում վարչապետի էջում կարելի էր տեսնել, օրինակ, մի քանի տասնյակ հազար մեկնաբանություններ, ընդ որում հիմնականում` դրական, ապա հիմա իրավիճակը բավականին փոխվել է:

Վարչապետի էջում արված մեկնաբանությունների քանակն այժմ հազարի չի հասնում, առաջ դրանք տասնյակ հազարների էին հասնում: Իսկ ահա հավանումները՝ լայքերը եւ սրտիկները, տատանվում են 1200-ից 9000-ի սահմաններում: Նախկինում տասնյակ հազարների էին հասնում:

Փաշինյանի էջում սեր էին խոստովանում, տարբեր օրգաններն էին «ուտում», խմբերով հարձակվում էին նրա հասցեին թթու խոսք ասած օգտատերերի վրա: Փաշինյանն այժմ իր էջում չի տեղադրում նաեւ լուսանկարներ: Նախկինում անգամ իրենց ընթրիքի սեղանը, զավակների հետ գիրք կարդալու պրոցեսը, հանգստյան օրերին գինի խմելու, քաղաքից դուրս մեկնելու տեսարաններն էին հայտնվում նրա էջում: 

Ճիշտ է՝ հետեւորդների թիվը կլորիկ 1 միլիոնի վրա «պահել» են, բայց բոլորը լավ են հիշում, թե ինչպես մի քանի օրում այդ թիվը 700 հազարից հասցրեցին 1 միլիոնի եւ «կոնսերվացրեցին», ինչը հասկանալի է առանց արհեստական միջամտության հնարավոր չէ անել։ 

Ամեն դեպքում, դատելով ֆեյսբուքյան էջից ՀՀ վարչապետը կամ խիստ հոգնել է վիրտուալ աշխարհից, կամ հասկացել է, որ ֆեյսբուքյան տիրույթում ակտիվությունը չի նպաստում ոչ երկրի կառավարմանը, ոչ մեր խնդիրների լուծմանը, ոչ էլ իր վարկանիշի բարձրացմանը: