Ոստիկանությունը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանն է, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:
Նրա նկատմամբ նշված քրեական գործը հարուցված է եղել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Մ. Հակոբջանյանին հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրի տարածքից:
Պարզվել է, որ նա 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհայտ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է գցել և հավաստիացրել է, որ նրանց զինվորները զոհված չեն և գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում: Ճիվաղը մի քանի զինծառայողների հարազատների էլ համոզել է, որ իրենց որդիները գտնվում են Բաքվի քաղաքացիական հիվանդանոցներում ու ինքը, Ադրբեջանում իր ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի Դաշնություն, որտեղից էլ Հայաստան:
Տականքը այդ կերպ կաշառք ստանալու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ պահանջել և բանկային փոխանցման միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն կազմում է 1,5 մլն ՀՀ դրամից ավել:
Ոստիկանները ունեն կասկածներ, որ հնարավոր է, սրբապիղծը այլ զոհվածի հարազատների էլ խաբած լինի: