Ծերանալը դաժան բան է. Ալեն Դելոնն ասել է, թե ինչպես կցանկանար մահանալ

«Ծերանալը դաժան բան է: Եվ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Մենք կորցնում ենք դեմքն ու տեսողությունը, ոտքի ենք կանգնում և զգում` սատանան տանի, ինչպես է ցավում կոճը: Տանջանքը սարսափելի է»,- ասում է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը։

Նա այժմ ապրում է Շվեյցարիայում։ Դերասանը 86 տարեկան է։

2019 թվականին Դելոնը կրկնակի կաթված ստացավ։ Դրանից հետո ամբողջ ժամանակն անցկացնում է տանը՝ իր շների հետ լիակատար մեկուսացման մեջ։

2020 թվականին մահացավ Դելոնի նախկին, բայց միակ կինը՝ Նատալի Դելոնը։ Նա մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Մահից կարճ ժամանակ առաջ Նատալին, անբուժելի հիվանդ լինելով, այցելել էր դերասանին նրա` Շվեյցարիայի կալվածքում։

Նրանց որդին՝ Էնթոնին, այդ ժամանակ սոցցանցում լուսանկար էր հրապարակել, որում նրա ծնողները հյուրասենյակում նստած զրուցում էին։ «Նրանք միասին են՝ ավելի քան կես դար առաջ բաժանվելուց հետո»,- մակագրել էր Էնթոնին լուսանկարը։

Այժմ ֆրանսիացի կինոաստղին տեսակցում են միայն նրա երեխաները։ Ալեն Դելոնը չի թաքցնում, որ արդեն կտակ է կազմել։ Նա չի ցանկանում, որ իր մահից հետո հարազատները զբաղվեն «կեղտոտ գործով»՝ ունեցվածքի բաժանումով և խնայողություններով։
Ավագ որդուն` Էնթոնիին, որն այժմ 57 տարեկան է, Դելոնը խնդրել է գլխավորը՝ օգնել իրեն մահանալ։

Դերասանը միշտ է ասել, որ դեմ չէ էվթանազիային։ Այդ պատճառով է նա տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ էվթանազիան պաշտոնապես թույլատրված է։

«Կյանքից հեռանալու այս միջոցը ես ամենատրամաբանականն ու բնականն եմ համարում»,- ասում է դերասանը։ «Տարիքն առնելուց հետո մենք իրավունք ունենք սուսուփուս գրողի ծոցը գնալ, առանց հիվանդանոցների և ներարկումների»: