Նոր նախագիծ… Պատրաստվեք տուգանքներին, եթե…

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություն կկատարվի: Օրինակ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր և ավել աղբ կուտակելու համար կտուգանվեք 100.000-200.000 դրամի չափով: Իսկ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու համար կնշանակվի 100.000-200.000 դրամ տուգանք:

Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելու դեպքում տուգանքի չափը կկազմի 20.000-30.000 դրամ: Իսկ մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, 5-ից ավելի անվադող թափելու դեպքում տուգանքի չափը կկազմի 100.000 դրամ:

Նշենք նաև, որ մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը ևս առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 60-80 հազար դրամի չափով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը Կառավարության կողմից կընդունվի 2022 թվականին, իսկ աղբավայրը շահագործողները հնարավորություն կունենան 2023 թվականի ընթացքում նախապատրաստելու աղբավայրի մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցները:

Ի դեպ, աղբավայր շահագործողների կողմից աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` 50.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձը կտուգանվի 100.000 դրամով: ՀՀ կառավարության հաշվարկներով, այս նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում եկամուտներ կավելանան. 2022 թվականի ընթացքոյմ կկազմի՝ 16 մլն 311 հազար 800 դրամ, 2023թ․՝ 16 մլն 311 հազար 800 դրամ։