Սերժանտը զոհվել է ընկերներին հաց հասցնելիս

Երեկ Երասխ համայնքում հակառակորդի կրակոցների հետեւանքով հայկական կողմը մեկ զոհ եւ մեկ վիրավոր ունի։ Զոհը Սյունիքի մարզից Հրաչյա Մանասարյանն է։

Երասխի բնակիչները «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմեցին, որ կրակոցները եղել են գյուղի աջ թեւում. «Արազի ափի կողմն է եղել։ Զոհը սյունեցի տղա էր,Արարատում ապրում էր վարձով` երկու անչափահա երեխա ուներ։ Ինքը իր ընկերներին հաց տանելուց է եղել, որ խփել են։ Սերժանտ էր»։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։