Եթե տանը ունեք ծլած կարտոֆիլ՝ շտապ թափեք… Ահա թե ինչու

Կարտոֆիլի օգտակար հատկանիշների, հակացուցումների մասին Aysor.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։ Կարտոֆիլը մարդու համար անհրաժեշտ բազային սննդամթերքի երրորդ խմբին է պատկանում, երեխաների սննդակարգի թույլատրելիներից է։ Կարտոֆիլը ոչ միրգ է, ոչ բանջարեղեն. արմատապալարապտուղ է. 100 գրամը պարունակում է 70-ից 85 կիլոկալորիա։

Կարտոֆիլը թյուրիմացաբար ընդունված է ասոցացնել գիրանալու, չիփսի, ֆրիի հետ։ Մինչդեռ կարտոֆիլը «մեղավոր» չէ, «մեղավոր» են տեխնոլոգիական վերամշակումը, ջերմային սխալ մշակումը (վտանգավոր է ոչ թե կարտոֆիլը, այլ բուսայուղը, որ տաքանում է ոչ թույլատրելի բարձր ջերմաստիճանի)։

Սննդագետն ասում է՝ շատերը չգիտեն, որ կարտոֆիլը պարունակում է՝

մեծ քանակությամբ վիտամին C
որոշ տեսակներ պարունակում են մեծաքանակ վիտամին А (կարմիր կարտոֆիլը)
կոմպլեքս ածխաջրեր
սպիտակուցներ
պոլի (չհագեցած) ճարպաթթուներ
թաղանթանյութ
նիացին
ցինկ

չի պարունակում

գլյուտեն
հիստամին
խոլեստերոլ
Կարտոֆիլը նաև լավ խավարտ է, եթե ճիշտ ճաշատեսակների հետ է համադրվում

Եթե որպես առաջին ճաշատեսակ օգտագործվել է հատիկեղեն, օսլայի բարձր պարունակությամբ ճաշատեսակ, ապա կարտոֆիլը որպես խավարտ չի խրախուսվում, մինչդեռ եթե որպես առաջին ճաշատեսակ օգտագործվել է բուսական աղցան կամ բուսական ապուր, ապա կարտոֆիլը կարող է համարվել հիանալի խավարտ։

Կարտոֆիլը վեգանների, բուսակերների, գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն ունեցողների համար կենսական մթերք է։

Չարժե գնել ինչպես շատ մանր, այնպես էլ շատ մեծ չափի կարտոֆիլ. սպառողի համար բարդ է գնահատել՝ կարտոֆիլի չափը սորտայի՚՞ն առանձնահատկություն է, թե՞ պարարտանյութերի կիրառման հետևանք։

Ծլած կարտոֆիլն արտադրում է ալկալոիդ, որ տոքսիկ ազդեցություն ունի։ Եթե կարտոֆիլը մի փոքր է ծլել, ապա պետք է հեռացնել ծիլերը (աչուկների հատվածը) ցանկալի է մինչև 1 սանտիմետր խորությամբ, ապա հեռացնել կեղևը հաստ շերտով, եփել ոչ թե ջեռոցում կամ տապակել, այլ շոգեխաշել եռման ջերմաստիճանի։