Արծրուն Հովհաննիսյանի սենսացիոն հայտարարությունը Ուկրաինայի մասին

Ամբողջ աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որտեղ արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակ ռազմական լայնածավալ գործողություններ են ընթանում ռուսական և ուկրաինական զորամիավորումների միջև։ Բնականաբար, Հայաստանում ևս ուշադրությամբ հետևում են այդ իրադարձություններին՝ ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր ուղղակի և անուղղակի բազմաթիվ ազդեցությունների և կողմերի հետ բազում առնչությունների պատճառով:

Այս թեմայի շուրջ «Արմենպրես Պոդքաստ»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ փորձելով պարզել ընդհանուր ռազմական իրավիճակը Ուկրաինայում, գործողությունների ընթացքը և հնարավոր ելքերը:

Մեկնաբանելով ընթացող ռազմագործողությունները՝ ռազմական փորձագետը շեշտում է, որ պատերազմող կողմերի ուժերն, իհարկե, համեմատելի չեն, քանի որ Ռուսաստանն իր ռազմական ներուժով և հզորությամբ գերազանցում է Ուկրաինային տասնապատիկ անգամներ, բայց, միևնույն ժամանակ, այնպես չէ, որ ուկրաինական բանակը չի դիմադրում, և ռուսական բանակը հեշտությամբ է լուծելու իր առջև դրված խնդիրները:

«Ռուսաստանը ունի մոտ 1,5 միլիոնանոց բանակ՝ մոտ 200 հազարանոց ուկրաինական բանակի դեմ: Եթե վերցնենք, որ Ռուսաստանն ունի ահռելի քանակությամբ զինանոց և զինատեսակներ, որոնք ուկրաինական բանակը ուղղակի չի կարող ունենալ, — խոսքը միջուկային զինանոցի մասին չէ, սովորական սպառազինության մասին է խոսքը, — ասենք՝ թևավոր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ Ուկրաինան չունի, և եթե այդպես հաշվենք՝ մի քանի տասնապատիկ անգամ գերակայող ուժ կստանանք Ռուսաստանի կողմից: Այնպես որ, իրականում ուժերը համեմատելի չեն, համադրելի չեն. ոչ թե մեկ, երկու, երեք, հինգ կամ տասը անգամ գերակայության, այլ տասնապատիկ անգամներ գերակայության մասին է: Բայց ինչպես տեսնում ենք՝ շատ ու շատ կանխատեսումներ չիրականացան: Ես կարդացել եմ ԱՄՆ ԶՈՒ շտաբների կոմիտեի ղեկավարի հաշվարկները, որ ընդամենը 72 ժամում Ռուսաստանը կկարողանա գրավել ողջ Ուկրաինան, բայց ինչպես տեսնում եք՝ այսօր արդեն 8-րդ օրն է, սակայն խնդիրը մինչև վերջ լուծված չէ», — ասում է Արծրուն Հովհաննիսյանը՝ գալով այն եզրակացությանը, որ հակամարտությունը Ուկրաինայում դեռ երկար կարող է տևել, մինչև որ կողմերից մեկը չսպառի իր ռազմական կամ դրան գումարած՝ նաև տնտեսական և այլ ռեսուրսները:

«Սա նշանակում է, որ կոնֆլիկտը դեռ երկար կտևի և դեռ շատ արյուն կթափվի երկու կողմերից: Այսինքն՝ մինչև կողմերից մեկը պատերազմի ընթացքում չի հասնում ռազմական կամ դրան գումարած՝ նաև տնտեսական և այլ ճգնաժամերի՝ կողմերից որևէ մեկը բանակցությունների ժամանակ որևէ զիջման պատրաստ չի լինում: Երկու կողմն էլ այս պահին չունեն այդ ճգնաժամը. շատ կարևոր հանգամանք է սա: Ռուսական բանակը դեռ շատ հեռու է այդ ճգնաժամից, որովհետև ահռելի մեծ բանակ է, տնտեսությունը, չնայած այս բոլոր պատժամիջոցներին, շատ մեծ է, հսկայական պետություն է՝ հսկայական ռեսուրսներով: Իսկ Ուկրաինան սկզբից ելակետային տվյալներով շատ էր զիջում Ռուսաստանին, բայց օրեցօր մեծացող արևմտյան օգնությունը կարող է լրիվ լուծել այդ տնտեսական վիճակի խնդիրը, իսկ Ուկրաինայի մարդկային ռեսուրսը ամենևին էլ քիչ չէ, և այս վերջին 8 տարիների ընթացքում, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայի մոբիլիզացիոն զորքերը, բացի կանոնավոր զորքերից, անցել են որոշակի պատրաստություն»:

Ամեն դեպքում, ըստ մասնագետի, ռուսական բանակի վիճակը վատ չէ. «Ռուսական բանակը թեկուզ դանդաղ, բայց ամեն դեպքում առաջ է գնում, թեկուզ ոչ բոլոր ուղղություններով միաժամանակ, բայց առաջ է գնում»:

Բայց ամբողջ խնդիրն, ըստ ռազմագետի, այն է, որ ուկրաինական բանակի գործերն էլ իրականում շատ վատ չեն: Այս համատեքստում Արծրուն Հովհաննիսյանը զուգահեռներ է անցկացնում ռուս-ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտությունների միջև՝ փաստելով, որ 2014-ին Ուկրաինայում Մայդանի հեղափոխությունից, Ղրիմը կորցնելուց և Դոնբասի հակամարտության բռնկվելուց հետո՝ վերջին 8 տարիներին, Ուկրաինայի վարչակարգը լուրջ հետևություններ է արել՝ վերազինելով և վերապատրաստելով ուկրաինական բանակը:

«Ուկրաինայի ամենակարևոր ձեռքբերումը և բազիսային հենարանը այն է, որ պետական կառավարման համակարգը, զինված ուժերը և գլխավոր շտաբը այս 8 տարվա ընթացքում ամերիկյան մոդելով բավական վերազինվել, վերապատրաստվել է, և կարծես թե, իրենք գիտակցել են, թե ինչպիսի բախման հետ են առնչվելու»:

Ընդգծելով, որ 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմը և ներկայիս ռուս-ուկրաինական պատերազմը իրականում իրարից շատ են տարբերվում, Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի նախկին քարտուղարը (2012-2020 թթ.) շեշտում է այն բացառիկ տոկունությունն ու մարտունակությունը, որը 2020 թվականին Արցախում ցույց տվեցին հայկական բանակն ու հայ զինվորը՝ 44 օր շարունակ դիմակայելով թուրք-ադրբեջանական գերազանցող ուժերին և ի վերջո, մեկուկես ամսվա մարտերից հետո զիջելով անհամեմատ ավելի փոքր տարածք, քան կորցրեց անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներով Ուկրաինան ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Ճիշտ է՝ այստեղ կրկին պետք է ընդգծենք, որ հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական կոնֆլիկտները անհամեմատելի են հակամարտող կողմերի ուժերի հարաբերակցությամբ:

Այդուհանդերձ, ըստ փորձագետի՝ ուկրաինական բանակի մոտ այժմ ավելի լավ է ստացվում «ստատիկ պաշտպանությունից» ավելի ճկուն պաշտպանության անցնելու մարտավարության կիրառումը: Արծրուն Հովհաննիսյանը կարևոր նշանակություն է տալիս այս հանգամանքին՝ ցավով արձանագրելով, որ 2020-ին հայկական զինուժին չհաջողվեց դա անել Արցախի պաշտպանության ժամանակ:

Բացի այդ, ուկրաինացիներն, ըստ «Արմենպրես»-ի զրուցակցի, կարողացել են հաղթահարել իրենց նախկին բարդույթները՝ կապված տեղեկատվական կառավարման պրոցեսների հետ, ինչը հայկական զինուժը չկարողացավ անել ո՛չ 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերի, ո՛չ էլ 2020-ի լայնածավալ պատերազմի ժամանակ:

«Իրենք այդ սխալները թույլ չեն տալիս, իրենց մոտ մի հսկայական բուրգ է աշխատում տեղեկատվաքարոզչական գործառույթների մասով, և ես չգիտեմ՝ իրենց գլխավոր շտաբի կառուցվածքն ինչպիսին է, կարող է և այնտեղ նույնիսկ ամբողջ մի հրամանատարություն կա, որը ես միշտ ասում եմ՝ պիտի լինի նաև մեզ մոտ և որը մենք այդպես էլ չունեցանք», — ասում է Հովհաննիսյանը:

Իսկ առհասարակ, կռվի մեջ մտնելու Ռուսաստանի պատճառները, պատմագիտության թեկնածուի կոչում ունեցող ռազմական տեսաբանի կարծիքով, շատ են, այդ թվում առաջին հերթին անվտանգային, գոյութենական, աշխարհաքաղաքական: Բայց դրանք նաև ռուս հասարակության և ռուսական վերնախավի պատմական հիշողության մակարդակում են:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, այդ բոլոր գործոններից զատ՝ «Ռուսաստանն այսօր պատերազմում է իր կայսրության գոյություն ունենալու իրավունքի համար»:

«Ռուսաստանը, կարծում եմ, ունի իր խորքային աշխարհաքաղաքական, կայսերական, էքզիստենցիալ պատճառները կռվի մեջ մտնելու: Ժողովրդական բառերով ասած՝ մակարդակում Դնեպրից աջ ռուսների ենթագիտակցական կամ գիտակցական ընկալվում է ռուսական տարածք: Ինչ ուզում ես՝ ասա: Սա խնդիր է, որը բոլշևիկներն են թողել, այդ թվում՝ նաև մեր խնդիրները … որի մասին Պուտինը խոսեց: Պարզ է՝ Պուտինը մեր մասին չասեց, որովհետև ինքն ունի իր պետական շահերը: Բայց բոլորս էլ հասկանում ենք՝ այդ պատմական անարդարության ոտքերը որտեղից են աճում: Ճի՞շտ է: Երբ ստեղծվել են արհեստական պետություններ՝ էթնոգրաֆիկ կազմերը հաշվի չառնելով, աշխարհագրական և հաճախ նույնիսկ ոչ աշխարհագրական,այլ տնտեսական ինչ-ինչ շահերը հաշվի առնելով են սահմանները բաժանվել կամ միգուցե բաժանվել են այնպես, որ միշտ վիճահարույց հարցեր մնան, որպեսզի միշտ ինչ-որ մեկը կարողանա միջամտել դրանց՝ չգիտեմ: Դա բազում պատճառահետևանքային կապեր ունի: Բայց փաստն այն է, որ իրենց գիտակցության մեջ էլ, երկուսի կողմից էլ «Արևելյան Ուկրաինա» ասվածը ընկալվում է ռուսական հող», — մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ պոդքաստ ձայնագրությունում

Հարցազրույցի հեղինակ՝ Արամ Սարգսյան