Իրականում՝ ինչ ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրը։ Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։

— Պարո՛ն Չիլինգարյան, մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում «ինքնաթիռ է ձերբակալվել»։ Ինչի մասին է խոսքը և արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։

— Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել։

— Այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։

— Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը։

Հիշեցնենք, որ «Авиаторщина» Telegram-ալիքը հայտնել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված ինքնաթիռի վարձակալը VP-BSL գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է», — նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ «Можем объяснить» Telegram-ալիքը գրում է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել և վերադարձել է Մինվոդի։