Արսենի դեմքը ճանաչելի է եղել. գրպանից հանել էին Աստվածաշունչը, որի վրա գրված էր նրա անունն ու ազգանունը

«Եթե մի օր մտածեմ, որ իմ Արսենը չկա, այլևս չեմ կարողանա ապրել։ Ես միշտ մտածում եմ, որ նա ապրում է: Միայնակ մնալիս զրուցում եմ որդուս հետ։ Նայում եմ նրա նկարին ու խոսում հետը մեր երկրի դարդ ու ցավից», — ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Նիկողոսյանի մայրը՝ Նարինե Պողոսյանը։

Երբ պատերազմը սկսվել է, Արսենն իր ընկերների հետ կռվի թեժ կետերում է եղել, բայց միշտ ընտանիքի անդամներին հանգստացրել է ՝ ասելով՝ ինքը ապահով տեղում է, իր համար պետք չէ անհանգստանալ։

«Մնացել էր երեք ամիս, որ Արսենը տուն գար․․․Մատաղիսը հենց պատերազմի առաջին օրից ծանր վիճակում է հայտնվել ու տղաներին տարբեր տեղեր են տեղափոխել՝ Թաշիշ, Մարտակերտ։ Երբ Մատաղիսում թշնամին զավթել է մեր դիրքերը, Արսենը իրենց դիրքից մի բուռ հող է վերցրել, լցրել է գրպանը, ասել է այդ հողը միշտ պահելու է, քանի դեռ մերոնք մեր դիրքերը չեն վերադարձրել։ Արսենին գտնելուց հետոն հողը գրպանից հանել ենք, հիմա որպես սրբություն՝ ես եմ իր հուշանկյունում պահում այն», — պատմում է Արսենի մայրը։

Թեժ մարտերի օրերին՝ հոկտեմբերի 4-ին, Արսենը Ջալալ Հարությունյանի կողմից արժանացել էր լեյտենանտի կոչման, այնուհետև զանգել էր տուն ու ընտանիքի անգամներին ոգևորված պատմել այդ մասին։

Հետմահու Արսենը պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայության» մեդալներով ու «Մեծն Տիգրան» շքանշանով։

«Իմ որդին, իսկապես, արիաբար էր կռվում, ամենավհատեցնող պահերին էլ մեզ հույս էր տալիս, ասում էր․ «Մա՛մ, չմտածե՛ք, կորցրածն էլ ենք ետ բերելու, թշնամուն փռել ենք գետնին», -որդու խոսքերը հիշում է տիկին Նարինեն։

Արսենն իր մարտական ընկերների հետ միասին զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ Մատաղիսում։

«Գրադ է ընկել, ու 7-8 զինվոր, որոնք նույն տեղում են եղել, զոհվել են։ Հոկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ն Արսենից լուր չկար, նա անհետ կորած էր համարվում․ ահավոր վիճակում էինք, բայց դեռ հույս կար, որ Արսենը ողջ է, մտածում էինք՝ գուցե, մի տեղ թաքնվել է, դուրս է գալու։ Հիվանդանոցներում ու դիահերձարաններում փնտրում էինք, ամենուր որոնում էինք․․․ Հետո՝ դեկտեմբերի 26-ին, Արսենի ընկերոջ հայրիկը մեզ տեղեկացրեց՝ գտել են իմ տղային, բայց էլի՛ չէի հավատում»։

Տիկին Նարինեն ասում է՝ սարսափելի պահեր է ապրել հատկապես այն օրը, երբ իմացել է, թե որդուն ինչպես ու որտեղից են գտել։

«Իմ որդու մարտական ընկերոջ՝ Վահագնի հայրիկը գնացել էր Արցախ՝ իր տղային ու մեր մյուս զինվորներին որոնելու։ Հարցուփորձ էր արել, պարզել էր, թե Վահագնը որ հատվածներում է զոհվել։ Այդ բարձունքը արդեն ադրբեջանցիների տիրապետության տակ էր, բայց Վահագնի հայրը ադրբեջանցիների հետ բանակցել էր, մի կերպ լեզու գտել, ադրբեջանցիները թույլատրել էին, որ Վահացնի հայրը «Կարմիր խաչի» ներկայացուցիչների հետ գնան այդ տարածք՝ մարմինները որոնելու։ Ադրբեջանցիները ցույց էին տվել այդ բարձունքը, ասել էինք՝ գնացե՛ք․ այդ հատվածում որոնե՛ք, այնտեղ զոհված զինվորների մարմիններ կան։ Վահագնի հայրը տեսել է, հողերի տակից մարմին է երևում, ձեռքերով քանդել են, տեսել են՝ իմ տղան է», — պատմում է տիկին Նարինեն։

Արսենի դենքը ճանաչելի էր եղել: Գրպանից հանել էին Աստվածաշունչը, որի վրա գրված էր նրա անունն ու ազգանունը։ Հեռախոսը եւս գրպանում էր եղել։

«Հետո Արաենիս մտերիմ ընկերոջ՝ Վահագնի մարմինը Սիսիանի դիահերձարանում էին գտել, ադրբեջանցիները նրա մարմինը փոխանակել էին իրենց զինվորների մարմինների հետ։ Ավելի ուշ պարզվեց՝ իմ որդու զոհվելուց քիչ անց Վահագնը ինքն իրեն պայթեցրել էր՝ տեսնելով, որ ընկերները զոհվել են, չորս կողմն էլ ադրբեջանցիներ են։ Վահագնը այդ քայլին էր դիմել, որ հանկարծ գերի չընկնի», — ասում է տիկին Նարինեն ու հավելում՝ մեր զինվորները մեկը մյուսից քաջ ու անվախ են եղել, անհավատալի սխրանքներ են գործել, և ամեն անգամ Եռաբլուր գնալիս որդեկորույա մոր սիրտը ցավում է, որ այդքան հերոս տղաներ ընկան, հայրենի հողերի մի մասն էլ թշնամին զավթեց։

Հասմիկ Բալեյան
Forrights.am