Ցավալի լուր… մահացել է շատերին հայտնի Լևոն…

Կյանքի 84-րդ տարում մահացել է «Արմենպրես» լրատվական գործակալության երկարամյա թղթակից Լավրենտի Ազրոյանը (գրական կեղծանունը Լևոն Ազրոյան): Լևոն Ազրոյանը կյանքից հեռացել է մարտի 1-ին. նա արդեն մի քանի օր COVID-19-ի դեմ բուժում էր ստանում հիվանդանոցում:

Գործակալությանը թղթակցելու ընթացքում նրան վիճակվել է լուսաբանել հասարակական-քաղաքական և մշակութային կարևորագույն իրադարձությունները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

«Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրակազմը ցավակցում է Լևոն Ազրոյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը:

Լևոն Ազրոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 4-ին «Լյուար» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 5-ին Սպանդարյան գերեզմանատանը:

Լավրենտի Սիսակի Ազրոյանը (գրական կեղծանունը Լևոն Ազրոյան) ծնվել է 1937 թվականի օգոստոսի 28-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի Ա.Ս. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, ինչից հետո երկու տարի ծառայել է խորհրդային բանակում։ Սահմանադրական պարտքը կատարելուց հետո աշխատանքի է անցել Թբիլիսիում լույս տեսնող հայկական «Սովետական Վրաստան» թերթում։

1966 թվականի հունվարին տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատանքի է անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում (ՀՀԳ)՝ ներկայիս «Արմենպրես»-ում։ Այնտեղ աշխատել է շուրջ 30 տարի, անցնելով թղթակցից մինչև բաժնի վարիչի- գլխավոր խմբագրի տեղակալի ուղին։ 1993 թվականի ապրիլին տեղափոխվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայություն, որտեղ աշխատել է շուրջ հինգ տարի՝ զբաղեցնելով մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ավելի քան մեկուկես տասնամյակ ժուռնալիստիկա է դասավանդել Հայ-ռուսական (Սլավոնական), Գավառի պետական և մայրաքաղաքի մի շարք մասնավոր համալսարաններում։

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից լինելու ընթացքում նրան վիճակվել է լուսաբանել ամենակարևոր հասարակական-քաղաքական և մշակութային իրադարձությունները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նա միակ հայ լրագրողն է, ում բախտ է վիճակվել ՏԱՍՍ-ի բրիգադի կազմում լուսաբանելու Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության հերթական համագումարներից մեկը։ Բացի դրանից, նրան է վիճակվել լուսաբանել նաև Խորհրդային Միության վերջին պառլամենտի՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարների ու նստաշրջանների աշխատանքները։

Նրա հեղինակած հոդվածներն ու մանրապատումները, ռեպորտաժներն ու հարցազրույցները տպագրվել են Հայաստանի, Խորհրդային Միության և Սփյուռքի թերթերում, հաղորդվել են ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Գրել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Հեղինակ է տասնհինգ գրքի, մասնավորապես, «Ժամանակի հետահայաց ուղիներում», « Չորս հազար կիլոմետր Էրգրի տարածքով», «Մարդիկ, իրադարձություններ, ճակատագրեր», «Կարոտը կրկին տարավ Էրգիր», « Особо опасен для Рейха» (ունեցել է երկու հրատարակություն), « Тбилиси- город моего детства и юности », «Արծվաբույնը, որ հանիրավի ավերվեց», «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի», «Они ковали Победу», «Ազգի մտավոր ներուժի օրրանը», «Դարձ ի շրջանս յուր», «В памяти и в сердце навсегда», «Արծվապետը, ում անունն է Սերգեյ Վանցյան»: «Արմենպրես. Հիշողություններն անցյալ չեն դառնում» գիրքը պատրաստ է տպագրության։

Հայրենական ժուռնալիստիկային նրա 57-ամյա ծառայությունը նախկինում քանիցս նշվել է զանազան պարգևներով։ Մասնավորապես, նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ (երկու անգամ)։ Պրոֆեսիոնալ պարտքը լավագույնս կատարելու համար նա արժանացել է նաև մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների պատվոգրերի և շնորհակալագրերի։

Լևոն Ազրոյանը երբեք կապը չի խզել հարազատ գործակալության հետ և սիրով օգնել է երիտասարդ արմենպրեսականներին, նպաստել նրանց պրոֆեսիոնալ աճին։ Պատահական չէ, որ տևական ընդմիջումից հետո նա կրկին վերադարձել էր «Արմենպրես» ուր աշխատում էր ցայսօր։