«Մգեցված ապակիների հետ կապված վերջին շրջանում այնքան հաղորդագրություններ եղան, որ մարդիկ իրոք խճճվել են։ Մեկ մի բան ասացին, հետո՝ այլ բան։ Մարդիկ չգիտեն՝ հիմա տուգանվելու են, թե չեն տուգանվելու։ Ես հիմա առաջարկում եմ, որ մարդկանց հստակ ասեն՝ խախտման համար հիմա մարդիկ տուգանվելու են, թե չեն տուգանվելու։ Թե չէ հայտարարություն է լինում, թե քնքուշ ենք վերաբերվելու, մեղմ ենք վերաբերվելու, բայց օրինակ Ազգային ժողովի պատգամավորին տուգանել են ու կարծում եմ, որ լավ են արել, որ տուգանել են։ Օրենք է, օրենքը բոլորի համար է»,- այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ես պրն Մանուկյանի դիտարկման հետ համաձայն եմ, որ այս ամենի հետ կապված իրոք տարաբնույթ ընկալումներ կան։ Իրականում ամսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին, իսկ վարչական օրենսգիրքը սահմանում է, որ դրա համար նախատեսված է տուգանք՝ 25 հազար դրամ։ Ամսի 31-ին Ներքին գործերի նախարարության հետ աշխատանքային ու մասնագիտական քննարկում է տեղի ունեցել, որի ընթացում որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պիտի հասնել ցանկալի արդյունքի։ Քանի որ եթե տեղի է ունեցել խախտում, այն պիտի անպայման պատասխանատվություն ենթադրի։ Այսինքն՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, դիտողությունը։ Որոշում կայացվեց, որ առաջին երկու օրերին կկիրառվի դիտողությունը, իսկ հետո արդեն կկիրառվի հիմնական տուգանքը։ Դա համարվում է խախտում, նորից եմ ասում, մեր վարորդները պիտի հանեն ապակիների այդ թաղանթները։ Կոնկրետ պահին ոստիկանը որոշում կկայացնի՝ տուգանել, թե նախազգուշացնել։ Հնարավոր է, որ մեղմացնող այնպիսի հանգամանքներ լինեն, որ ոչ թե տուգանի, այլ նախազգուշացնի, սակայն սա, կարծում եմ, շատ քիչ դեպքերում կհանդիպի, հիմա հիմնականում տուգանելու են»,- արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։