Ա՜խ, հերոս ջան… Հույս ես տվել կնոջդ՝ ամեն ինչ լավ կլինի… Ցավոտ է

Գեղամ Ռաշիդի Մկրտչյան՝ ապրիլյան պատերազմի այն անմահ քաջերից մեկը, ով իր կյանքը չխնայեց հանուն կյանքերի:

Ծնվել է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, 1986թ. օգոստոսի 24-ին: 3 երեխա էին, ուներ 1 քույր, 1 եղբայր, ինքը փոքրն էր: Համեստ էր, շատ ընկերասեր և բոլորին նվիրվող: Մանկուց սիրում էր զինվորական լինել: 1993թ. հաճախել է գյուղի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը, որպես աշակերտ, միշտ աչքի է ընկել իր համեստ ու հանգիստ բնավորությամբ, ինչպես նաև բարությամբ, ավարտել է 2000թ.: Դեռ մանկուց հարգանք ու պատիվ ուներ ամբողջ գյուղում: Մինչ բանակ զորակոչվելը, ընտանիքին օգնելու նպատակով, հենց իրենց իսկ գյուղում զբաղվել է կահույքագործությամբ: Բանակ զորակոչվել է 2004թ. հունիսին, ծառայել է Ցորում: ծառայելով պատվով, եղել է հետախույզ-սակրավոր, ապա՝ ավագ հետախույզ: Երբ ժամկետային ծառայությունն ավարտել է՝մի կարճ ժամանակ նորից զբաղվել է կահույքագործությամբ: Սակայն շատ արագ հասկանալով, որ ինքն իրեն տեսնում է միայն զինվորական համկարգում, ապա մանկության երազանքին էլ հակուրդ տալով ու ընդառաջ գնալով՝ 2013թ. դարձել է պայմանագրային զինծառայող և աշխատանքի է անցել Ասկերանում որպես հրաձիգ: Ծառայության ընթացքում ինքն իրեն կոփելու և ամրակուռ երիտասարդ դառնալու համար հաճախել է սպորտային մարզումների: Նույն ժամանակահատվածում, Երևանում, 2 ամսով մասնակցել է հետախույզ-սակրավորի դասընթացների:

2015թ. նույն զորամասում եղել է նռնակաձիգ: Ապա նույն թվականի հոկտեմբերի 4-ին ամուսնացել է բանակի նվիրյալ, նույն զորամասի զինծառայող, կոչումով սերժանտ, մի գեղեցկուհու հետ, ով արդեն մեկ տարի ու կես նրա ընտրյալն էր՝ շատ կանացի ու նրբագեղ Անուշի հետ: Թվում էր երջանկության համար ամեն ինչ կար՝ ջերմ ընտանիք, սիրած աշխատանք, սիրելի կին, հարազատ ընկերներ և իրեն սպասող մի ամբողջ կյանքի ապագա: Բայց… Միայն թվում էր: Ափսոս:

Ամուսնությունից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 4-ին տեղափոխվել է Մարտակերտ, որպես հատուկ նշանակությամբ վաշտի ավագ հետախույզ-գնդացրորդ: Միշտ աչքի է ընկել որպես լավագույն զինծառայող:

2016թ. Փետրվարի 20-ից մարտի 27-ը Երևանում կրկին մասնակցել է հետախույզ-սակրավորի դասընթացների:
Երբ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց խաղաղասեր հայի դեմ՝ մեր հերոսն ընդամենը երեք օր առաջ էր վերադարձել երևանյան իր հերթական դասընթացներից: Նա արդեն 6 տարվա զինծառայող էր: Հայրենիքը նրա ու նրա նմանների կարիքն ուներ, որ նենգ թշնամուց պաշտպանեն իրեն: Մեր քաջը երբեք մահից չի վախեցել: Նույնիսկ ասել էր՝ «Ապրենք՝ ապրենք, մեռնենք՝ մեռնենք»: Ու գնաց: Գնաց, այդպես էլ չիմանալով, որ իր գեղեցկուհի կինը՝ Անուշը պատրաստվում էր իրեն հայրացնելով ինքն էլ մայարնալ: Նա մարտնչեց արիաբար, անվարան, մոռանալով, որ տանն իրեն սպասում են… Սպասում են ծնողները, քույրն ու եղբայրը, սպասում են ընկերները, հարազատներն ու իր սիրելի կինը: Այո՛, նա հայրենիքը գերադասեց բոլորից, քանզի հայրենիքն իր մեջ համախմբում է այդ բոլորին միասին: Ու ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը նա բռնեց հավերժի ճամփան, գնաց հավերժ, թաց թողնելով իրեն սիրող մարդկանց աչքերը: Նա զոհվեց Թալիշում: Հերոսաբար հավերժացավ, որ իր կյանքով կյանք տար դեռ չծնված իր դստրիկին: Փառք նրա հիշատակին:
Նույն թվականի մայիսի 28-ին, մեր հերոսը, հետմահու պարգևատրվել է ՀՀ-ի «Արիության համար» և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով:

Նրա հավերժանալուց հետո է նրա սերժանտ կինն իմացել, որ բալիկ է ունենալու: Մեծ ցավով, արցունքները հազիվ զսպելով ասում է.

-Ես հերթապահության էի, Գեղամը եկավ ինձ մոտ, խոսեցինք, գնաց: Երեկոյան զանգեց ասաց, որ պիտի գնան առաջնագիծ: Հետո, ապրիլի 3-ին, առավոտյան հեռախոսով եմ խոսել նրա հետ: Իմ մասին էր մտածում, ասում էր՝ «Դուրս չգաս զորամասից, մի վախեցիր, ամեն ինչ լավ կլինի»:

Ա՜խ, հերոս ջան… Հույս ես տվել կնոջդ՝ ամեն ինչ լավ կլինի… Ցավոտ է:

Նրա զոհվելուց 9 ամիս անց ծնվեց նրա չքնաղ դստրիկը՝ Էլմիրան, ով տակավին փոքր է, քիչ բան է հասկանում, բայց կմեծանա և իր գործերով կապրեցնի հերոս հայրիկին: Իսկ այսօր նրան մաղթենք խաղաղ երկինք և մանկական անհոգ ժպիտներ: Մեր հերոսին այսօր ապրեցնում են նաև նրա հարազատներն ու ընկերները: Կինը՝ Անուշը, հանուն ամուսնու հիշատակի չի թողել զինվորական համակարգը, կրկին աշխատում է նույն զորամասում և կոչումով արդեն ենթասպա է: Վերջինս իր կատարած աշխատանքներում տեսնում է իր հերոս ամուսնուն, ապա նրա թողած ոգով և հոգու տված ուժով է առաջնորդվում:
Խոնարհումս և քեզ՝ հարգելի տիկին ենթասպա, խոնարհումս քո անվեհեր կամքին և տոկուն ոգուն:
Ահա այսպիսին էր մեր հերոսի կարճ, բայց բեղմնավոր կյանքի ուղին:
Փառք ու խոնարհում նրա անմար հիշատակին:

Հոգեբան, գրող, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան, նախկին «Քառօրյա պատերազմ» այժմյան ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ, նաև ՀԵՐՈՍԸ խմբերի կանոնավորիչ և ՀԱԲ Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա՝ Մարինե Մանուկյան