Այս մթերքներն անօգուտ են սրտի հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար

Բանջարեղենի օգտագործումը չի նպաստում սրտանոթային հիվանդություններից պաշտպանությանը, ինչպես պնդում են Օքսֆորդի համալսարանի Առողջապահության դեպարտամենտի, Հոնկոնգի Չինական համալսարանի եւ Բրիստոլի համալսարանի հետազոտողները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։

Գրեթե 400 000 մարդու տվյալների լայնածավալ վերլուծությունը ցույց է տվել, որ հում կամ եփած բանջարեղենի մեծ քանակությունը գործնականում չի ազդում հոսպիտալացման կամ սրտամկանի ինֆարկտից, ինսուլտից կամ այլ սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգի վրա։ Մասնագետները նաեւ ուսումնասիրել են մի շարք գործոններ, ինչպիսիք են սոցիալ-տնտեսական վիճակը, ֆիզիկական ակտիվությունը, սննդային սովորությունները եւ այլն:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ բանջարեղենի սպառման ժամանակ պաշտպանության թվացյալ ազդեցությունը կարելի է բացատրել մնացորդային աղավաղմամբ (residual confounding), որն արտահայտվում է արդյունքների խեղաթյուրմամբ՝ անբավարար մանրամասն տեղեկատվության, տվյալների սխալ դասակարգման կամ մեկնաբանման հետեւանքով։

Գիտնականների խոսքով՝ այս հետազոտությունը մեծ նշանակություն ունի սննդի ազդեցությունը սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի հասկանալու տեսակետից։ Սակայն գիտնականները նաեւ հիշեցնում են, որ ամեն դեպքում անհրաժեշտ է հետեւել հավասարակշռված սննդակարգին եւ պահպանել մարմնի զանգվածի առողջ ինդեքսը։

NEWS.am Medicine