Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոններ են փոխանցվել․ Ո՞վքեր են նվիրատուները

Հիմնադրամների մասին օրենքի 39-րդ հոդվածով նշվում է, որ հիմնադրամները պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն։ Պետական եկամուտների կոմիտեն սահմանել է կարգ, որով նաև «Իմ քայլը» հիմնադրամը պատշաճ կերպով ներկայացնում է համապատասխան հաշվետվություն կատարած նվիրատվությունների քանակի մասին առանց անունները նշելու, որովհետև սահմանված կարգում անունները նշելու հետ կապված պարտադիր կետ չկա։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, որ միլիոնների հասնող փոխանցումներ են կատարվում հիմնադրամին, սակայն հասարակությունը այդպես էլ չի տեղեկացվում, թե ովքեր են ի վերջո փոխանցումները կատարել։

«Ես կուզեի խոսել նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքից, որով ևս նվիրատուները իրավունք ունեն պահաջել, որ իրենց անունները չհրապարակվեն։ «Իմ քայլը» չի կարող մերժել անանուն հանգանակությունները: Ես չգիտեմ որևէ բարերարի, նվիրատուհի, որը կարող է իրեն թույլ տալ գումար փոխանցել հիմնադրամին՝ մտքով բոլորովին այլ նպատակներ հետապնդելով»,- ասաց նա։

«Ես չգիտեմ՝ դուք ինչ օլիգարխաների մասին եք խոսում։ Այո, ես գիտեմ խոշոր գործարարներ, որոնք գումարներ են փոխանցել հիմնադրամին ու ես ջանք չեմ խնայում, որ այդ գործարարների թիվը մեծանա»,- հավելեց նա։