«Թել-Սել» համակարգից օգտվողները մեծ գումարներ փոխանցելիս կանգնում են խնդրի առաջ։ Կարելի է փոխանցել 100 հազարից ոչ ավելի, սակայն եթե հաճախորդն ավելի է փոխանցում, համակարգը, միևնույն է, գանձում է գումարը եւ ավելորդ մասը փոխանցում հեռախոսահամարին, որը հետ ստանալ այլևս հնարավոր չէ։ «Իմ հարցին, թե ինչպես հետ ստանամ գումարս, պատասխանն է՝ օգտվեք «Թել- Սել» դրամապանակից, այլ տարբերակ չկա։ Եթե այդ չափից ավելի չի կարելի փոխանցել, ապա ինչու՞ են գումարը գանձում։ Սա խաբեություն է, որին ենթակա է յուրաքանչյուր քաղաքացի», — գանգատվում է «Հրապարակին» «Թել-Սել»-ից օգտվող քաղաքացին։
Ստացվում է, որ հաճախորդների սխալները «Թել-Սել» ՓԲԸ-ի եկամտի մա՞սն են։
Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ ոչ մի խաբերություն չկա։ «Յուրաքանչյուր վճարումից առաջ էկրանի ձախ հատվածում առկա է համապատասխան ինֆորմացիա, որը նկարագրում է վճարման ընթացակարգը։ Տերմինալի էկրանին նշվում է, որ մուտքագրված գումարի սահմանաչափն է 100․000 դրամ։ Առավել գումար մուտքագրելու դեպքում ձևավորվում է կամ մանրի անդորրագիր, կամ գումարը փոխանցվում է վճարման ժամանակ նշված հեռախոսահամարին։ Իսկ նույնականացված դրամապանակ ունենալու դեպքում՝ Telcell դրամապանակի հաշվին, որը գրանցված է վճարման ժամանակ նշված հեռախոսահամարով։ Նշեմ, որ վճարում կատարող անձը ինքն է որոշում, թե ինչպես ստանա ավել մուտքագրված գումարը»։ Ուզում եք ասել, որ էկրանին երևացել է այդ նախազգուշացումը, պարզապես մարդը չի՞ տեսել։ «Այո։ կարող եք մոտենալ յուրաքանչյուր տերմինալի, ընտրել ցանկացած ծառայություն և էկրանի ձախ մասում տեսնել ինֆորմացիան»։
Փաստորեն, միակ այլընտրանքը, որը համակարգն առաջարկում է իր հաճախորդներին` սխալվելու դեպքում, իր էլեկտրոնային դրամապանակից օգտվելն է։ Համարենք սա համակարգի թերություններից։