Ինչպես են Քոչարյանն ու Սարգսյանը պատասխանել հետախուզում հայտարարելու մասին Ալիևի որոշմանը

Ադրբեջանում այսօր հայտարարել են, որ քրեական գործ և հետախուզում են հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Նախկին նախագահների գրասենյակները հանդես են եկել հայտարարություններով.

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են.

«Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:
Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում»:

Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը ալիևյան ռեժիմի կողմից արված հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին
Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:

Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, ում պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:

Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ:

Ինչպես 1988թ.-ից ի վեր, այսուհետ էլ նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:
Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:

Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Վստահ ենք, որ պատմությունից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»: