Ձեզ բացակա չենք դնի. Լեգենդ դարձած կոշեցիներ Աբրահամ, Շավարշ, Վարդան, Արմեն, Համլետ, Սերյոժա.

Փետրվարի 20-ին, Արագածոտնի մարզի Կոշ գյուղում մեծարման հուշ-երեկո էր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, լեգենդ դարձած կոշեցի հերոսների հիշատակին:

Կոշ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարևանությամբ, ի հիշատակ Աբրահամ Գևորգի Սադոյանի, Շավարշ Արամի Բենիամինյանի, Վարդան Ռաֆիկի Ավագյանի, Սերյոժա Վազգենի Հարությունյանի, Համլետ Կարենի Մեխակյանի և Արմեն Ասատուրի Կիրակոսյանի, այսուհետ այդ վայրը կդառնա սրբատեղի:

Գրեթե ամեն օր գյուղի համար զինվորական պանթեոն դարձած այս վայրն այցելուներ է ունենում, այդ թվում՝ մայրաքաղաքից ու մարզերից, ովքեր ծաղիկներ են խոնարհում, ապա խնկարկում՝ լուռ զրուցելով պանթեոնում տեղադրված լեգենդար հերոսների մեծադիր նկարների առջև: Միջոցառմանը ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հայրեր, ինչպես նաև՝ հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ներկաներն ասում էին. «Մեր գյուղը դեռ Հայրենական Մեծ պատերազմին է հերոսներ տվել: Հերոսներ, ովքեր անգամ հասել են մինչև Բեռլին ու այնտեղ հայկական քոչարի պարողների շարքերում եղել: Արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմներում կոշեցին նույնպես ապացուցեց, որ հայրենիքը սկսվում է առաջնագծից: Ու մենք էլ անմասն չմնացինք այդ դաժան պատերազմներին:

44-օրյա պատերազմում էլ մեր գյուղը զոհեր ունեցավ: Ամեն մեկը՝ մի տան սյուն, ամեն մեկը՝ մի տան ճրագ: Բոլորն էլ մեկը մեկից մարդասեր, մեկը մեկից՝ հպարտ ու ընկերասեր: Ոչ մեկին չենք առանձնացնում. Աբրահամը, Շավարշը, Վարդանը, Արմենը, Համլետը, Սերյոժան բարձր պահեցին մեր գյուղի պատիվը: Նրանք այդ պատերազմում չպարտվեցին: Նրանք ու նրանց նման բոլոր նահատակված, վիրավորում ստացած լեգենդ տղերքը պատերազմում հաղթել են:

Պատերազմում պարտվել են քաղաքական գործիչները: Հիմա, ամեն օր գալով այս պանթեոն, մեր խոնարհումն ենք բերելու հերոսներին ու ամեն անգամ հիշելու ենք մեծն Շիրազի հայտնի բանաստեղծության տողերը.

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:

Եվ ի լուր աշխարհի ասելու ենք. «Տղերք, ձեր մահով մեզ կյանք տվեցինք: Մենք ձեզ բացակա չենք դնի»:

Գագիկ Շամշյան