ՀՀ կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` առաջարկելով որոշ փոփոխություններ կատարել կառավարական էսկորտների երթևեկությանը վերաբերող կանոններում, «ապահովել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը»։
Մասնավորապես առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ երթևեկության անվտանգության համար պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մինչդեռ գործող կարգավորմամբ, նման դեպքերում պատասխանատվություն են կրում ուղեկցող շարասյան ղեկավարները (ուղեկցող խմբի ավագը):
Մեկ այլ կարգավորմամբ էլ առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչև 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։ Դրա համար առաջարկվում է սահմանել բացառություն` «հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի» համար։
«Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ընթացքում երթևեկության արագությունն ընտրվում է շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ՝ հաշվի առնելով ճանապարհային պայմաններն ու անվտանգության ապահովման հանգամանքները, և այն չպետք է գերազանցի՝ բնակավայրերում՝ 100 կմ/ժ-ը, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ-ը, բացառությամբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի»,- նշված է նախագծում։
Նշենք, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկում են «Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրենքով սահմանված դեպքերում՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահը, պաշտոնաթող վարչապետը և այլ անձինք, Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարները, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք, ինչպես նաև ուղեկցման ընթացքում պետական պահպանության իրականացումն ապահովող անձինք»։