Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների, որևէ նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահները բանակցում են եւ ադրբեջանցիների, եւ հայերի հետ, ինչ են բանակցում հայերի հայկական կողմի հետ, թե Լաչինի միջանցքն ադրբեջանցիներն են փակել, Խաչատրյանն ասաց. «Հայաստանն անմիջական ներազդեցություն ունի այդ պրոցեսների վրա, Հայաստանի Հանրապետությունն այս պահին պահանջատեր է և, քանի որ եռակողմ հայտարարության մի կողմը Հայաստանն է, իհարկե, իր պահանջն է ներկայացնում խաղաղապահ ուժերին, որպեսզի իրենց առջև դրված պարտականությունները կատարեն: Այդ է պատճառը, որ ռուս խաղաղապահները նշում են, որ գործընթացներում նաև ՀՀ մասնակցությունը կա»,- ասաց նա:
Հարցին, թե Հայաստանն ինչ է անում Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանը դիվանագիտական, բանակցությունների ճանապարհով փորձում է այս հարցը լուծել: Այս պահի դրությամբ, կարծում եմ, այլ մեխանիզմներ չկան, որոնք կարող են կիրառվել ՀՀ-ի կողմից: Ինչը հնարավոր է իրագործել, ամբողջ գործիքակազմով իրագործվում է: Եթե ընդդիմությունն ունի այլ առաջարկներ եւ տարբերակներ, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը, ես կոչ եմ անում ընդդիմությանը, թող կոնկրետ գործողություններ նշի, թե այս պահի դրությամբ ինչ պետք է անի Հայաստանը: Ի՞նչ են առաջարկում, զորք հավաքենք, գնանք կռվե՞նք: Եթե համարձակություն ունեն այսքանն ասելու, թող ասեն:
Հայաստանը ներգրավում է միջազգային հանրությանը այս պրոցեսների մեջ, ամեն ինչ արվում է ուղղված ՌԴ խաղաղապահի ուժերին հորդորելու, որ իրենց առջեւ դրված խնդիրը հնարավորինս արագ լուծեն: Հիմա տեսնենք, թե ոնց են փորձելու հարցը լուծել, որովհետեւ դա իրենց լուծելու հարցն է: Գնդակը ռուսական խաղաղապահների դաշտում է: Որեւէ պետություն իրավունք չունի Լաչինի միջանցքում գործողություններ անել, այդ թվում Հայաստանը: Մեր երկիրն ունի որոշակի ռեսուրսներ եւ դրանից դուրս որեւէ գործողություն այս պահին հնարավոր չէ իրականացնել: Պետք է բարձրացնել երկրի պաշտպանական ռեսուրսները: Մենք դա անում ենք եւ բավականին հաջող»: