Ի՞նչ կարող է անել Գարեգին Բ-ն հիմա՝ հանուն պաշարված Արցախի

«Հրապարակը» գրում է. Արդեն մեկ ու կես օր է Ղարաբաղն Հայաստանին կապող ճանապարհը փակված է ադրբեջանական, այսպես կոչված, «էկոակտիվիստական-հանքամոնիթորինգային» ահաբեկչության արդյունքում։ Ռուս խաղաղապահ զորակազմը իբրեւ թե փորձում է ինչ որ քայլեր անել, որ ճանապարհը վերաբացվի, սակայն առայժմ չի հաջողվում։ Հայաստանում բոլորը խոսում են, իրենց մտահոգություններն են հայտնում, սակայն անհասկանալիորեն լուռ է հատկապես վերջին շրջանում զարմանալիորեն «պերճախոս» դարձած Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Առ այս պահը ոչ նրանից անձամբ, ոչ Մայր Աթոռից, որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել խնդրո առնչությամբ։ Մինչդեռ արդեն ակնհայտ է, որ ԼՂ 120 հազարանոց բնակչությունը հայտնվել է բլոկադայի մեջ եւ շուտով կարող է հայտնվել սննդամթերքային եւ դեղորայքային ճգնաժամի առաջ։ Դդեպի Հայաստան նույնիսկ հիվանդների տեղափոխումն է արգելվել, իսկ Բաքուն սպառնում է ռմբակոծել Կաշենը, եթե «հայերը շարունակեն ադրբեջանցիների նյարդերի ամրությունը ստուգել»։ Ավելին՝ խորանալով հասկանալի է դառնում, որ հայ ժողովուրդն, ըստ էության, այժմ կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ, իսկ ԼՂ-ն կարող է հայտնվել մարդասիրական աղետի մեջ։ Սա նշանակում է, որ ճանապարհի փակվելու հարցը արդեն քաղաքական չէ, այլ մարդասիրական ու որպես այդպիսին, պետք է իրենց ձայնը բարձրացնեն տարբեր կառույցներ եւ կազմակերպություններ, որոնք հումանիտար առաքելություն ունեն։

Հատկապես Գարեգին Բ-ն պարտավոր է իր խոսքն ասել, հարկ եղած դեպքում նաեւ կտրուկ գործողության գնալ՝ Կրեմլին «քնից արթնացնելու» եւ «գործողությունների մղելու», Ադրբեջանին զսպելու եւ միջազգային հանրությանը ոտքի հանելու համար։ Ի՞նչ կարող է անել Գարեգին Բ-ն։ Հավանական մարդասիրական աղետի մասին ահազանգել ի լուր աշխարհի՝ ուղարկելով համապատասխան նամակներ քրիստոնյա աշխարհի բոլոր կրոնական առաջնորդներին, եւ հատկապես՝ Հռոմի Պապին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին։ Արցախահայությանը սպառնացող հնարավոր վտանգների մասին ահազանգել հետսովետական տարածքում գործող կրոնական առաջնորդների ժողովական մարմիններին, որոնք ղեկավարում է Մոսկվայի պատրիարքությունը։ Եւ վերջապես․ վերջերս, ինչպես հայտնի է Գարեգին Բ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել էր պատվավոր բարձր շքանշան։ Ահա, Գարեգին Բ-ն կարող է հանդես գալ հայտարարությամբ, որ եթե Ռուսաստանի նախագահը ի վիճակի չէ, կամ չի ուզում պաշտպանել Հայ ժողովրդի արցախաբնակ հատվածին, եւ եթե արցախահայությունը հայտնվի հումանիտար ճգնաժամի կամ հումանիտար աղետի մեջ, ապա ինքը հետ կվերադարձնի այդ պետական բարձր շքանշանն՝ ի նշան բողոքի։

Քրիստոնյա աշխարհի հնագույն Եկեղեցիներից մեկի հովվապետի կողմից եթե նման հայտարարություն հնչի, ապա դա կարող է համապատասխան տրամադրություններ առաջացնել, միջազգային ճնշում՝ ընդդեմ Կրեմլի եւ Արեւմուտքի կրավորական կեցվածքի, ստիպելով կարգավորել հարցը։