Ի՞նչ են ուզում արցախցիները ՀՀ իշխանությունից, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք. Աղազարյան

Արցախի իշխանությունը հայտարարել է իր անկախության մասին, հիմա, երբ խնդիրներ են առաջացել, թող երկու իշխանությունների ներկայացուցիչներն այդ խնդիրները լուծեն, պարզեն՝ ովքեր են փակել Ստեփանակերտ — Գորիս ճանապարհը, ի՞նչ խնդիրներ են հետապնդում և նրանցից քանիսն են բնապահպան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հանգամանքին:

Պատգամավորի խոսքով, եթե ՌԴ խաղաղապահների մակարդակով այդ հարցը չլուծվի, ապա Հայաստանը պետք է հարցի լուծման այլ տարբերակների դիմի․ միջազգային դիտորդներ տեղակայվեն այդ հատվածում:

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունն ասում է, որ հարցին միջամտում է, բայց Արցախի պատգամավորները մեղադրում են ՀՀ իշխանությանը թուլության և անգործության մեջ, պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ են ուզում արցախցիները, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք, թող ասեն ի՞նչ առաջարկ ունեն, մենք կմտածենք, կամ պատերազմ կհայտարարենք, կամ՝ հրաժարական կտանք:

Ո՞նց կարելի է ասել, թե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, դա աղճատված մոտեցում է, նման մեկնաբանություններին չեմ ցանկանում պատասխանել»,- ավելացրեց Աղազարյանը: