«Այո՛, մենք դա անում ենք»․ Պուտինը խոստովանել է

«Ռուսաստանի մի շարք նոր շրջաններում կան օկուպացված տարածքներ, որոնք պետք է ազատագրվեն,- ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նկատի ունենալով Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքները, որոնք այժմ վերահսկվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, փոխանցում է Euronews-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին խոստովանել է, որ Ռուսաստանը հրթիռակոծում է ուկրաինական ենթակառուցվածքները, սակայն հավելել է. «Հիմա մեծ աղմուկ է բարձրացվում հարևան երկրի էներգետիկ ենթակառուցվածքի վրա մեր հարձակումների շուրջ: Այո՛, մենք դա անում ենք: Բայց ո՞վ է դա սկսել, ո՞վ է հարվածել Ղրիմի կամրջին»,-հայտարարել է Պուտինը: Չորեքշաբթի օրն առնվազն 10 մարդ է զոհվել Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքում ռուսական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կուրախովոյին: Թիրախում են խաղաղ բնակչությունը, սովորական մարդիկ, շուկա, բենզալցակայան, ավտոկայան և բնակելի շենք», – ասել է Զելենսկին իր գիշերային ուղերձում:

Կիևի տվյալներով՝ Բախմուտի և Ավդիևկայի տարածքում ռուսական հարձակման ֆոնին Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում հարվածների թիվը զգալիորեն աճել է։ Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ մոտ 20 քաղաք և գյուղ գտնվում է ռուսական զորքերի մշտական ​​կրակի տակ: