Աստվածամայրը ծնվել է ամուլ ծնողներից… Դեկտեմբերի 9-ին նշում ենք Սուրբ Կույսի հղացման տոնը

Աստվածամայրը ծնվել է ամուլ ծնողներից և ամեն տարի դեկտեմբերի 9-ին մենք նշում ենք Սուրբ Կույսի հղացման տոնը: Աննան ու Հովակիմը երկար տարիներ զավակ չէին ունենում, քանզի Աննան ամուլ էր: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Հովակիմն ու Աննան արտասուքով և աղաղակներով անընդհատ Տիրոջից զավակ էին խնդրում, քանի որ զավակ չունենալը ամոթ էր Իսրայելում: Մի օր էլ, երբ Հովակիմը ընծաներ էր մատուցում Տիրոջը, Ռուփիմ քահանան նրան ասաց. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև չունես զավակ Իսրայելի մեջ»:

Նա տխրեց և դուրս գալով Տիրոջ տաճարից՝ գնաց լեռները, աղոթքն իր համար կերակուր դարձրեց և իր արտասուքը խմեց: Այդ իմանալով նրա կինը՝ Աննան, սգի հագուստներ հագավ և օր ու գիշեր արտասվում էր:

Մի օր, իններորդ ժամին, Աննան աղոթքի է կանգնում Տիրոջ առջև։ Նա աղոթում էր և երկինք նայելով լալիս: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Դու պիտի հղիանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում»:

Հովակիմը նույնպես Տիրոջ հրեշտակից ավետիս էր ընդունել, և վերցնելով ընտիր ու անարատ տասը ոչխար՝ Տիրոջն ընծայելու համար, տասներկու զվարակներ՝ քահանաների ու ծերերի համար, և հարյուր այծեր էլ՝ ժողովրդի համար, իջնում է սարից և ընծաները մատուցելուց հետո գնում իր տունը, և նրա կինը՝ Աննան, հղիանում է:

Հետագայում Աննան արժանանում է նաև իր Թոռան՝ Հիսուսի տեսությանը, սակայն այդ ժամանակ Հովակիմն արդեն մահացել էր: