«Շատերն են առիթավորվել ինչ-որ». Վլադիմիր Գասպարյանի 20-ամյա դուստրը որոշել է քաղաքականությամբ զբաղվել

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ 20-ամյա Անգելինա Գասպարյանը հայտնել է քաղաքականությամբ զբաղվելու որոշման մասին:

Իր «Ինստագրամ»-ի էջի սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ, Անգելինան հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել այս թեմայով, փոխանցում է Armtimes-ը։

Հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ նա ընտրեց քաղաքականությունը, ինչին Անգելինան պատասխանել է.

«Իմ կյանքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, թե ինչ է ինձ պետք։ Սկսեցի կարդալ, վիդեոներ նայել, ու զգացի, որ ինձ հետաքրքիրա։ Ես մտածում էի հեռու ա պետք լինել քաղաքականութունից, բայց քանի որ ցավոք սրտի ես արդեն «փաբլիք» եմ ու շատ քննարկվող, ու անարդարություն եմ տեսնում շատ բաների մեջ, ես հասկացա, որ ունեմ այդ պոտենցյալը, ուժը, ինքնավստահությունը։ Շատ շատերն են առիթավիրվել ինչ-որ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի մյուս դուստրը՝ Յ. Գ.-ն, տարիներ շարունակ չի հաճախել աշխատանքի, Ոստիկանության պետի նախկին տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանի աջակցությամբ և գիտությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում խոշոր չափերով գույք է հափշտակել, միջոցներ յուրացրել, ստացել իր անունով տարիներ շարունակ դուրս գրված աշխատավարձը, արձակուրդայիններն ու պարգևավճարները:

Կարճ ժամանակ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ դուստրը՝ Աննա Գասպարյանն ու նրա ամուսինը՝ Արթուր Գեւորգյանը, նոյեմբերի 18-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։