«Հոկտեմբերի 9-ին ցուցակում կարդացինք Հունանիս անունը ու վատացա, էլ բան չեմ հիշում»․ ըմբշամարտիկ Հունանը զոհվել է Թալիշում

«Հոկտեմբերի 9-ին նայում էինք ցուցակը ու կարդացինք Հունանիս անունը… Վատացա, էլ բան չեմ հիշում»,- հուզմունքով ասում է 51-ամյա Տիգրանուհի Մանվելյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 19-ամյա որդուն։

Հունան Մանվելյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում։ Պատերազմը սկսվելուն պես եղել է Թալիշում, երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին զոհվել է։

Մայրն ասում է, երբ սեպտեմբերի 27-ին որդու հետ զրուցել է, Հունանը ոչինչ չի հայտնել իր գտնվելու վայրի մասին, սակայն եղել է առաջնագծում։

«Սեպտեմբերի 27-ի առավոտ շուտ զանգեց՝ 7-ն անց 15-ին, ասեց՝ մա՛մ, ո՞նց եք, սաղ նորմա՞լ ա ձեր մոտ: Ես ուզում էի հարցնեի՝ ձեր մոտ նորմա՞լ ա, բայց կապը կորավ ու կորավ, էլ կապ չունեցանք իրա հետ»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է որդեկորույս մայրը։

Հունանի զինակից ընկերները պատմել են՝ երբ հրամանատարը հարվածից ընկել է, Հունանը վազել է, որ օգնություն ցույց տա, փրկի, բայց այդ պահին կրկին հակառակորդը հարվածել է, և տանկի կրակոցից Հունանն էլ է զոհվել։

Հունան Մանվելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հարազատները պատմում են՝ Հունանը ըմբշամարտիկ էր, մասնակցել է բազմաթիվ միջազգային ու տեղական մրցույթների Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում՝ գրավելով պատվավոր տեղեր և արժանանալով մրցանակների։

«40 մեդալ ունի, 70 պատվոգիր, 20-25 հատ գավաթ։ 2016-ին Թուրքիայում բրոնզե մեդալակիր ա եղել, ադրբեջանցու հետ կռվել ա, Թուրքիայից հաղթանակով ա եկել»,- պատմում է Հունանի մայրը։

Շարունակությունը՝ Medialab.am-ում։