«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 21-ին YouTube-ի իր ալիքի ուղիղ եթերում հայտարարեց. «Ես գտնվում եմ Հայաստանից դուրս: Մամուլում տարածված լուրերը հիմնականում հաստատում եմ, այդ թվում՝ քրեական գործերի մասով: Այսօր հայտնում եմ ընդամենը հետեւյալը․ պլանավորվում են որոշակի գործողություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք պիտի շատ բանի սկիզբ դնեն»:
Եվ խոստացավ առաջիկայում «դիմակազերծ» անել ոմանց: Այս եթերը մեծ արձագանք ունեցավ` շատ դիտումներ, սակայն օրերն անցնում են, ոչ մեկի դիմակը չի պատռվում, մարդիկ հետաքրքրվում են` ինչո՞ւ է լռում Ուրիխանյանը: Մենք զրուցեցինք նրա հետ:
— Պարոն Ուրիխանյան, մենք տեղեկացանք, որ արդեն Երևանում եք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ Հայաստան:
— Ես Հայաստան եմ վերադարձել, այս պահին կրկին Ռուսաստանում եմ մի քանի օրով, սակայն վերադարձել եմ հայրենիք: Մոտ օրերս նորից կլինեմ Երևանում:
— Բացահայտումներ խոստացաք, ասացիք, որ շուրջ տասը յութուբյան տեսանյութ եք այդ մասին պատրաստվում ներկայացնել, սակայն լռեցիք: Սայլը տեղից չշարժվեց: Շատերն անհամբեր սպասում են Ձեր բացահայտումներին….
— Կնքել եմ շուրջ երեք պայմանագիր, երեք երկրների իրավաբանական կազմակերպությունների հետ: Նրանց եմ փոխանցել ինֆորմացիոն բավականին մեծ, հսկայական փաթեթ, որտեղ կան բազմաթիվ տեղեկություններ, հայաստանյան իրադարձությունների մասին: Օրինազանցությունների, քրեական հատկանիշներով խախտումների ու լուրջ ծավալուն գործերի վերաբերյալ: Գրեթե բոլոր դերակատարների անունները կան: Շատ հետաքրքիր է լինելու: Այն մոտակա ժամանակներում կհրապարակեմ: Նյութեր ենք նախապատրաստում այժմ: Բոլորը բոլորին է վերաբերում: Տեղեկությունները բոլորի մասին են: Այն պայմանագրերը, որոնք կնքել եմ ֆիննական, ավստրիական և ռուսական իրավաբանական ընկերությունների հետ ունեն երեք կետ. քրեական և քաղաքական հետապնդում, կալանք, ձերբակալություն, ֆիզիկական վտանգ: Ինձ կամ ընտանիքի անդամներիս սպառնալու դեպքում, այդ կարևոր տեղեկություններն անմիջապես հրապարակվելու են, որպեսզի ոճրագործությունների գլխավոր հերոսները պատասխանատվության ենթարկվեն: Այնպես, որ թող զգույշ լինեն:
— Ովքե՞ր են նրանք, ի՞նչ ոճրագործություններ: Մի փոքր մանրամասնեք….
— Վերաբերում է բոլոր էական դերակատարներին, որոնք նախկինում են իշխանություն եղել և այսօր իշխանություն են, նախկինից մինչ ներկա համագործակցող….
— Երկա՞ր են մարդիկ Ձեր բացահայտումներին սպասելու:
— Ոչ, չեմ կարծում: Կավարտվեն իրավաբանական ընկերությունների հետ աշխատանքները, ես դրանք կհրապարակեմ:
— Դուք անձա՞մբ եք այդ աշխատանքներով զբաղվում:
— Այո, իհարկե, աշխատանքները կավարտվեն, ես կսկսեմ իմ առաջին եթերը: Դրանք երաշխիքներ են: Ես չեմ ցանկանում առեղծվածային վախճան ունենալ….
— Ինչը՞ Ձեզ ստիպեց կուսակցական գործունեությունից անցում կատարել դետեկտիվ ֆիլմ հիշեցնող այս պատմությանը….
— Երկրում առկա իրավիճակը: Հայաստանյան իրավիճակը, երկիրս ծախելու նախկինների և ներկաների համագործակցությունը:
— Ձեր դեմ հարուցված քրեական վարույթն ի՞նչ ընթացքի մեջ է:
— Որևէ տեղեկություն չունեմ, չունեմ նաև որևէ կարգավիճակ: Ունենալ չեմ էլ կարող, որովհետև իմ կենսագրությունը բյուրեղյա կենսագրություն է: