Ադրբեջանը հետևողականորեն տանում է դեպի պատերազմ, Արցախի ոչնչացում և Հայաստանի մասնատում։
Սա արդեն փաստ է, այլ ոչ թե կանխատեսում կամ վերլուծության հիման վրա արված ենթադրություն։ Իհարկե, թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի քայլերը և նախապատրաստությունները լրիվ բխում են իրենց համատեղ դոկտրինալ տեսլականից և այս զարգացումների անխուսափելիության մասին արդեն երկու տարի բղավել են իրավիճակին ծանոթ հեղինակավոր միջազգային վերլուծական կենտրոնները, սակայն Հայաստանի իշխանությունները գերադասեցին կրկին ձևանալով «խուլ և համր»՝ դեմքի «թավշյա» արտահայտությամբ Հայաստանի ապագան նետելով թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» ապազգային կոնցեպտի երախը։
Ինչևիցե, արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու համար և պետք է ընդամենը շտապ նախապատրաստվել նոր առճակատմանը, սակայն արի ու տես՝ մեզ ավելի հետաքրքիր է հրապարակում ամանորյա տոնածառի բոյը և «նոր տարվա խոզի բդերի» գները։
Ադրբեջանը ինքնամոռաց շտապում է վերջնականապես լուծել հայկական հարցը, իսկ մենք ուղղակի հրաժարվում ենք ընդունել այն փաստը, որ պատերազմը եկել է մեր տուն և մենք «խաղաղության» մասին երազանքներով ընդամենը առիթ տվեցինք թուրք-ադրբեջանական մարդասպաններին կրկին սպանել մեզ, ռմբակոծել մեր քաղաքները և կտոր֊կտոր անել մեր Հայրենիքը։ Խելագարվել կարելի է,թե ինչ է մեզ սպասում, եթե մենք խելքի չգանք։
Ընդունեք սա որպես մասնագիտական կանխատեսում։