Նոր Տարուն բոլորը հրաշքով են սպասում…

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը արդարացված է համարում ամանորյա լուսավորության ու զարդարանքների համար 650 հազար դոլար ծախսելը։ «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե արդյոք դա շռայլություն չէ, և հնարավոր չէ՞ր նախկինում եղած զարդարանքներով ու լույսերով գոնե մի մասը ապահովել և ավելի քիչ գումար ծախսել, Սարգսյանն ասաց․

«Գիտեք ինչ, հիմա նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչո՞ւ ենք ձեռք բերում «Ման» ավտոբուսներ, արդյոք դա շռայլություն չէ, բայց որոշում ենք կայացրել, որ ձեռք բերենք «Ման» մակնիշի եվրոպական արտադրության ավտոբուսներ։ Այն լուսատուները, որ ունենք, եթե նայեք, վերջին 4 տարիների ընթացքում քաղաքն ընդհանրապես չի զարդարվել, չի լուսավորվել, և որոշում ենք կայացրել, որպեսզի ամանորյա միջոցառումը, հաշվի առնելով, որ նաև տարբեր երկրներից մենք հյուրեր ենք ունենալու, պատշաճ ներկայանալու համար ձեռք ենք բերել լուսատուներ, ինչպես տոնածառն էր ձեռք բերվել 2018-ին։ Այս լուսատուները ամեն տարի նորից կօգտագործվի։ Եթե Դուք մեր հարակից երկրներում եղել եք, ուրեմն տեսած կլինեք, որ իրենք էլ են բավականին մեծ ծախսեր անում Նոր տարվա հետ կապված, և Նոր տարվա միջոցառումները ավելի գունեղ, ավելի պայծառ են դարձնում։ Մենք փորձել ենք նույնպես դա այդպես իրականացնել, և կարծում ենք, որ մեր քաղաքացիները դրանից գոհ կմնան»։

Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ գոհ են, բայց շատ քաղաքացիներ էլ ասում են, որ մեզ հարակից երկրներում անվտանգության, սոցիալական այնպիսի խնդիրներ չկան, ինպիսիք Հայաստանում կան, քաղաքապետը արձագանքեց․

«Սոցիալական խնդիրներ, ես Ձեզ վստահեցնում եմ, նույնիսկ ԱՄՆ-ում կան: Այդ լուսավորությունը, որպես այդպիսին, նաև սոցիալական վատ պայմաններում գտնվող երեխաների համար է։ Նոր տարուն բոլորը հրաշքով են սպասում, մանավանդ երեխաները, և կարծում եմ, երեխաների տրամադրությունը բարձրացնելու համար, թեկուզ այդ 5 կամ 10 րոպեի համար, կարծում եմ, այդ գումարները այդքան էլ թանկ չեն։ Առաջին անգամ է, որ մենք բավականին մեծ գումար ենք ծախսում լուսավորության վրա, բայց հաջորդ տարի, մյուս տարի դա օգտագործելու ենք, և կարծում եմ՝ դա քաղաքի տեսքն է։ Իսկ ո՞վ է հաշվի առնում, որ այդ լուսատուները տեղադրելով, քաղաքը պատշաճ ներկայացնելով, «Եվրատեսիլը», որը լինելու է Երևանում, ո՞վ է հաշվարկ իրականացրել, թե ինչքան քաղաքացի է գալու, և մենք տնտեսական ինչ էֆեկտ ենք ունենալու»,- պատասխանեց քաղաքապետը։

Հարցրինք՝ ինքն այդ հաշվարկը արե՞լ է․

«Այս պահի դրությամբ ես չեմ արել այդ հաշվարկը, դա իմ գործառույթը չէ, որ իրականացնեմ, բայց վստահաբար Ձեզ ասում եմ, որ դա իր հերթին, անուղղակի ձևով նոր հոսքեր է բերելու, ինչը տնտեսական ակտիվության վրա, վստահ եմ, ազդելու է»,- պատասխանեց Սարգսյանը։