Զոհված զինծառայողի 60-ն անց ծնողները նորից հայրիկ-մայրիկ կդառնան. VIDEO

Վերարտադրողական առողջության կենտրոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ծնողները էին. 60-ն անց են ու նորից հայրիկ -մայրիկ են դառնալու:

«Մեր փոխնակ մոր մոտ ամեն ինչ կարգին է, հղիությունը լավ զարգանում է, երեխան աճում է, ոչ մի խնդիր չունենք, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է լաբորատոր քննությունների հետ: Կինը գտնվում է երրորդ եռամսյակում և մոտակա օրերս, այսինքն՝ մինչև փետրվարի 24-25 ունենալու եք արու զավակ»,- ասաց «Շենգավիթ» ԲԿ մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը:

Գևորգ ու Գոհար Դավթյանների փոքրիկը մի քանի օրից կծնվի՝ փոխնակ մոր օգնությամբ: Տիկին Գոհարի գործը վերջին 9 ամիսներին փոխնակ մորը հոգատարությամբ շրջապատելն էր՝ ամռանն այգու մրգերն էր հասցնում, որ պտուղը լիարժեք վիտամիններ ստանա: Ամենօրյա կապի մեջ են: «Այսօր դեռ չեմ խոսել», — ասում է տիկին Գոհարն ու ծիծաղում, — «չեմ ուզում արթնացնել»:

Փոխնակ մայրն էլ այս ջերմությունն անպատասխան չի թողնում. «Ինքն էլ ա ասում՝ ձեր տղան լավ խաղում ա, ձեր տղան սենց, ինքն էլ շատ լավ աղջիկ ա»:

Շենգավիթ բուժկենտրոնի մասնագետ Աննա Խաչատրյանն ասում է՝ փոխնակ մայրը հղիացավ հենց առաջին փորձից, ավելին՝ ամուսինները մի քանի սառեցրած էմբրիոններ էլ ունեն. «Եթե զույգը որոշի, որ երեխային քույրիկ կամ եղբայր, կամ երկուսն էլ պարգևեն, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք նորից աջակցելու»:​

Այսքան հեռահար պլաններ ամուսինները դեռ չեն կազմում, առայժմ պատրաստել են այն ամենն, ինչ նորածնին է պետք. «Ամեն ինչ՝ սայլակ, մահճակալ, ամեն պարագաները, հագուստ, լրիվ պատրաստ դրած ա»:​

«Աստված տա, որ մենք կարողանանք այդ երեխային մեծացնենք հասցնենք իրա նպատակներին», — ասաց Գևորգ Դավթյանը​:

Նա, ով ծնվելու է, տան մինուճարն է լինելու. Դավթյանները երկու որդի ունեին՝ 90-ականներին երկու տարեկան Գոռը դժբախտ պատահարի հետևանքով մահացել է: 22-ամյա Գարիկ Դավթյանը 44-օրյա պատերազմում զոհվեց, սպա էր՝ Հադրութի պաշտպանական գծում:

Որդին զինվորական կրթություն էր ստացել, փոքրուց էր այդ համազգեստի մեջ՝ հիշում է մայրը: Մահվան նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին է տիկին Գոհարը որդու հետ խոսել: «Լավ եմ, բայց հոգնած եմ»,-ասել էր:

Ամուսինները պատմում են՝ միակ որդուն կորցնելուց հետո հարազատներն են համոզել, որ դիմեն վերարտադրողական կենտրոն, սկզբում մտածում էին՝ տարիքն իրենը կանի, նորածնին խնամելը հեշտ չէ, հետո մտածեցին՝ այսպես, թե այնպես գիշերներն անքուն են, հիմա ուժ -եռանդ միավորել ու սպասում են:

«Միշտ էլ միասին ենք պահել, միշտ էլ միասին ենք չարչարվել երեխաների համար, դա մեր ծնողական սրբազան պարտքն ա, դրա մասին խոսք լինել չի կարող: Ինչ վիճակի էլ լինենք, երեխային կնայենք աչքի լույսի պես, էդ մեր միակ հույսն ու հավատն ա», — նշեց Գևորգ Դավթյանը:​

44-օրյա պատերազմում որդի կորցրած կանանց համար պետությունը մեկ տարի առաջ Անպտղության հաղթահարման ծրագիրը փոփոխեց՝ արհեստական սերմնավորման, բեղմնավորման ծառայություններ այս կանայք կարող են ստանալ պետպատվերով, անվճար և առանց որևէ սահմանափակման:

«Տարիքային սահմանափակում, անզավակ լինելու պայման, իրենց նկատմամբ որևիցե սահմանափակում չի տարածվում», — ասաց Առողջապահության նախարարության ​մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

Փաշայանն ասում է՝ արտամարմնային բեղմնավորման ծառայությունները երկարատև են, արագ արդյունք չի լինում, սակայն արդեն 26 որդեկորույս մայր հղի է, 3-ն էլ փոքրիկ ունեն: Այս տարեսկզբից էլ ծառայությունը համալրվել է՝ հաշվի առնելով այն, որ մայրերից շատերը արդեն վերարտադրողական տարիքից դուրս են. ձվաբջիջների՝ պաշարը սպառված, հղիություն կրել էլ չեն կարող՝ առողջական տարբեր խնդիրների պատճառով:

«Սոցապ նախարարության կողմից փոխհատուցվում են նաև այս ծառայությունները՝ դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայությունները, էլի եմ կրկնում միայն շահառուների այս խմբի համար», — ասաց Նունե Փաշայանը:​

Դոնորական մեկ ձվաբջջի համար՝ 600 հազար դրամ, փոխնակ մորը՝ 5 միլիոն 500 հազար դրամ, որպեսզի նա երեխա պարգևի զոհված զինվորի ծնողներին: Սոցապ նախարարությունից տեղեկացնում են՝ այն ամուսինները, որ մինչև այս նոր որոշման ընդունումը արդեն վճարումներ են արել, կփոխհատուցվեն:

«Դիմել են 12 հոգի, որից արդեն երկուսն արդեն հղի են, մեկը ունենալու է շուտով, մյուսն ընթացքում է: 10 հոգին գտնվում են հետազոտման փուլում: Ամբողջը պետպատվերի շրջանակում է», — ասաց ​«Շենգավիթ» ԲԿ մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի տնօրեն Սուսաննա Ուռումյանը:

«Շենգավիթ» բուժկենտրոնի վերարտադրողական առողջության կենտրոնի տնօրենը միայն այս բուժկենտրոնի այս պահի վիճակագրություն է ներկայացնում, ևս 4 վերարտադրողական կենտրոններ են պետպատվերի այս ծառայությունը մատուցում հղիանալ ցանկացող մայրերին:

Գևորգ ու Գոհար Դավթյանները օրեր անց արդեն ծնարան՝ իրենց նորածնին այս աշխարհ ընդունելու են գալու: Տիկին Գոհարը նրան արդեն մի քանի անգամ երազում տեսել է՝ շեկ-շեկ տղա է, ասում է: