7 զինծառայող վիրավոր է, 22-ամյա զինծառայողը մահացել է. Մանրամասներ ՊՆ «Կամազի» վթարի դեպքից

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: