Մեկնարկել է ԱԺ քառօրյա հերթական նիստը. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մասնակցում են նիստին։
«Մենք այստեղ ենք և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ։ Սա ՀՀ Ազգային ժողովն է, նաև մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը։ Ձեր սեփականությունը չէ։ Հարգելի՛ ժողովուրդ, երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ։ Հիմա փողոցում դադար է, ժամանակավոր, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը։
Մենք այստեղ ենք մեր օրակարգով. Հայաստանի ու Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերի օրակարգով։ Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար։ Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, ապագա չունի նաև մեր ժողովուրդը։ Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա», — հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։