Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը11։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչը՝ 58-ամյա Սմո Խուդոյանը, Արմավիրի քաղաքի անասնաշուկայից գնել է «Զազո» անունով ցլին և ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 1-ին փողոց, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ արդեն տեղում ավտոմեքենայից ցլին իջեցնելու ժամանակ ցուլը փախել է և գնացել դեպի Արմավիր-Երևան ավտոճանապարհի ուղղությամբ։ Նշված վայրում գործող գազալցակայանի տարածքում ցուլը հարձակվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչների՝ 62-ամյա Շողիկ Խուրշուդյանի, նրա որդու՝ նույն բնակավայրի բնակիչ, 34-ամյա Արամ Կարապետյանի և թոռնուհու՝ նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Նարե Կարապետյանի վրա, այնուհետև փախել է Արմավիր քաղաք ուղղությամբ և Հանրապետության փողոցի վրա գտնվող «Հագուստի աշխարհ» խանութի մոտակայքում հարվածել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ, 65-ամյա Լալա Միքայելյանին։ Այդ ամենից հետո ցուլը փախել է Արմավիր քաղաքի տարբեր փողոցներով։
Դրանից հետո ցուլը գնած Ս. Խուդոյանը խնդրանքով դիմել է Յուրա Ասլանյանին, որպեսզի իրեն պատկանող որսորդական հրացանով չենթարկվող ցլին վնասազերծի։ Յու. Ասլանյանն էլ Հանրապեպության փողոցում 2 անգամ կրակոց է արձակել անասունի ուղղությամբ, սակայն հնարավոր չի եղել նրան վնասազերծել, և նա շարունակել է փախչել։ Արդեն Մյասնիկյան փողոցի 18Ա շենքի դիմաց ցուլը հարվածել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Հասմիկ Պողոսյանին։ Արդեն նշված վայրում Յու. Ալսանյանը երրորդ կրակոցով վնասազերծել է ցլին, որը սատկել է։