Սարսափելի վրաերթ… Ինչպես են տղամարդուն թողել անօգնական ու փախել դեպքի վայրից. Լուսանկարներ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստի դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հայկ Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Հ․ Խաչատրյանը տեղում մահացել է։

Պարզվել է, որ մահացածը նշված հատվածում եղել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, և Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունենցել: Ու վարորդը կանգնել է, որպեսզի խոտանը վերացնի։ Այդ ժամանակ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի։

Մինչ Սիսիանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Խաչիկ Գևորգյանն ու Սերգեյ Համբարձումյանը դեպքի վայրից 61 կմ հեռավորության վրա Վայոց Ձորի մարզում, ժողովրդին հայտնի՝ Վայքի զորամասի հարևանությամբ նկատում են BMW մակնիշի կասկածելի ավտոմեքենա։

Ճանապարհային ոստիկանները հետապնդում են այդ ավտոմեքենան և կանգնեցնելուց հետո վարորդին հայտնում են, որ իր ավտոմեքենան պետք է տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք, քանի որ նա կասկածվում է մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։

Վարորդը սկզբում սկսում է հերքել, որ ինքը վրաերթ է կատարել, սակայն փաստերի ճնշման տակ չի կարողանում ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, խոստովանում է, որ ինքն է վրաերթի հեղինակը, պարզապես վախեցել է ու չի կանգնել։ Վարորդը տեղում ենթարկվում է սթափության փորցաքննության, նա եղել է սթափ։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ներկայացվում է Սիսիանի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ճանապարհային ոստիկանները աչալուրջ չլինեին, վարորդը, ով Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն է, կհասներ Երևան ու կոտրված հայելին կփոխարիներ նորով, և գուցե՝ դեպքը չբացահայտվեր։