Պեմզաշեն գյուղում սպանել են 31-ամյա կնոջն ու նրա 12 և 8-ամյա երեխաներին

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի։ Քնչական բաժնում սպանություններ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր: «Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի վրա էլ՝ նույն հատկանիշները: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով, վերջինը՝ երկու երեխաների մասով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշեց դատախազը հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի:

Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում, ու ըստ նախնական տվյալների, այնտեղի աշխատակիցներն անհանգստանալով, որ կինն աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել պատճառը։ Երբ տեսել են, որ դուռը չեն բացել, ահազանգել են 911: