Մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումար, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք։ Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետև հիմա նպատակահարմար չենք գտնում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը՝ ներկայացնելով, թե ինչ պայմաններում են սեփականաշնորհել Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը։
«Երկար բանակցություններից հետո ինձ իմ հայրիկն է համոզել։ Հասկանում էինք, որ եթե գանք էն համոզման, որ պետք է շենքը վերակառուցվի, այդ բակում տարբեր խնդիրների ենք առնչվելու։ Այդ խնդիրները եղան. 4 բնակարան ասացին, 5 բնակարան ձեռք բերեցինք։ Մոտ 4 մետր բարձրությամբ մի պատ է եղել, հետո 1 մ 20 սմ բարձրացվել է այդ պատը։ Աբովյան փողոցում այն եղել է 10 մ երկարությամբ, մոտ 8 մ էլ՝ Արամի փողոցում։ Պատ է եղել, բակում փոքրիկ տներ են եղել։ Բակի բոլոր տները քանդվել են։ Իրենք մեզ վաճառել են 6 մետր լայնությամբ, մնացած 30 մետրն այդ տների ձեռքբերման արդյունքում է եղել, անցել, դարձել «Սիլ պլազա»», — ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորն ասաց, որ իր համար անակնկալ չի եղել, որ այսօր դատախազությունը վիճարկում է սեփականության օրինականությունը.
«Ես ուրախ եմ, երջանիկ եմ, որովհետև ես իմ բոլոր գործողությունների համար պատասխան եմ տալիս, գիտեմ, թե մեր համակարգն ինչպիսին է։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն կամ շփոթմունք լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա ի սկզբանե դրված է եղել մեր ընտանիքում»։
Պատգամավորն ասաց, թե բացառված է, որ այս հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենա։
«Դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չէ։ Ես ինձ թույլ չեմ տալիս»։