ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ էդվարդ Ասրյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի ուղղություններով, նաև Սոթքի և Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է դիրքային կորուստներին, ապա ԶՈՒ ԳՇ պետը հաստատեց՝ կորուստներ ունեցել ենք։
«Դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի ուղղությամբ, Ջերմուկի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ, Կուտականի ուղղությամբ»,- ասաց նա։
Հարցին՝ կոնկրետ քանի դիրք ենք կորցրել, Ասրյանն արձագանքեց՝ կա դասակի հենակետ, վաշտի հենակետ և այլն, դրանք տարբեր նշանակության կառուցներ են։
«Եվ տերմինաբանությամբ՝ կոնկրետ այսքան ենք կորցրել՝ 50 թիվ ենք կորցրել, թե 60 թիվ ենք կորցրել, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել և չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, ովքեր ներկայացնում են համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց նաև, որ դիերը վերցնելու համար հանմապատասխան աշխատանք և՛ կառավարության կողմից, և՛ ԱԱԾ կողմից, և՛ ՊՆ կողմից ծավալված է։
«Ընդամենը կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը դեռևս համապատասխան թույլտվություն, որպեսզի մեր համապատասխան ստորաբաժանումները մտնեն և որոնեն դիերի գտնվելու վայրերը։ Չկա այդպիսի թույլտվություն»,- ասաց Ասրյանը։
Նա հավելեց, որ դիտարկել ու հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել, սակայն չեն կարողանում դուրս բերել, քանի որ թշնամին թույլ չի տալիս մտնել համապատասխան տարածք։
«Ինչ վերաբերում է նրան, թե դիտարկվում է, այո, եղել է այդպիսի դեպք, կա փաստ, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեր ԱԹՍ-ով դիտարկվող մեկ դի։ Գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում, և այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը դեռևս չի տվել»,- ասաց Ասրյանը։