Bloomberg-ը հրապարակել է իր ամենամյա զեկույցն աշխարհի ամենահարուստ ընտանիքների մասին։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ, այդ ցանկը գլխավորում է Ուոլթոնների ընտանիքը, որոնց պատկանում է աշխարհում ամենախոշոր մեծածախ եւ մանրածախ առեւտրի ցանցը՝ Walmart-ը։
Նրանց ունեցվածքը գնահատվում է 225 միլիարդ դոլար։ Տասնյակում է Մարս ընտանիքը, որին պատկանում է «Մարս» հրուշակեղենի արտադրությունը։ Այս ընտանիքի կարողությունը գնահատվել է 160 միլիարդ դոլար։ Երրորդ հորիզոնականում Կոխ ընտանիքն է, որին պատկանում է ամերիկյան Koch Industrues նավթաքիմիական ընկերությունը։ Այս ընտանիքի ունեցվածքը կազմում է 124 միլիարդ դոլար։
Ապա գալիս է սաուդական ալ-Սաուդ թագավորական ընտանիքը, որի ունեցվածքը գնահատվում է 105 միլիարդ դոլար։ Ցանկը շարունակում են էրմեների ընտանիքը։ Այս ընտանիքին պատկանում է ֆրանսիական Hermes նորաձեւության տունը։ Ունեցվածքը գնահատվում է 94 միլիարդ դոլար։
Ամբանիների ընտանիքը, որոնք հանդիսանում են հնդկական Reliance Industries նավթի վերամշակմամբ զբաղվող հոլդինգային ընկերության սեփականատերերը, ունեն 84,6 միլիարդ դոլար։
Ցանկում տեղ են գտել նաեւ Cargill գյուղատնտեսական ընկերության սեփականատեր հանդիսացող Կարգիլ ընտանիքը 65,2 միլիարդ դոլար ունեցվածքով, Reuters լրատվական գործակալության սեփականատեր հանդիսացող Թոմսոնների ընտանիքը 61,2 միլիարդ դոլարով, Chanel նորաձեւության տան սեփականատեր հանդիսացող Վերթհայմեր ընտանիքի ներկայացուցիչները, Roche Holding շվեյցարական դեղագործական ընկերության սեփականատեր Հոֆմանների ընտանիքը։
Ի դեպ, պարբերականը նշում է, որ մի շարք մեծահարուստ ընտանիքների դեպքում, ինչպիսիք են Ռոկֆելլերները, ուսումնասիրություն կատարելը հնարավոր չէ, քանի որ ունեցվածքի մասին ամբողջական տվյալներ չկան, դրա համար էլ նրանք ցանկում ներառված չեն։