Ռուսաստանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելը և կաջակցի ցանկացած տարբերակի, որը կընտրի հայ ժողովրդը և ղեկավարությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ այս խաղաղության պայմանագիրն, իհարկե, անհրաժեշտ է։ Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը։ Ինչպես նաև սահմանի սահմանազատումը և սահմանի հիմնախնդրի ամբողջական կարգավորումը՝ մենք դրան կողմ ենք։ Հարցը, թե որ տարբերակն ընտրել, Հայաստանի գործն է՝ հայ ժողովուրդին և Հայաստանի ղեկավարության։ Ամեն դեպքում, ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա տանում է դեպի խաղաղություն, մենք կողմ ենք դրան»,- ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ֆորումի լիագումար նիստում։
«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ… Այսպես կոչված Վաշինգտոնյան համաձայնագիրը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ», — ընդգծել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի «հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ «Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր որոշ առանձնահատկությունները, որ այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն և ինչ-որ կերպ դա քննարկվի ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է», — պարզաբանել է Պուտինը։
«Բայց, իհարկե, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Այդ պայմանավորվածությունները պետք է ընդունելի լինեն նաեւ մյուս կողմի՝ Ադրբեջանի համար։ Սա շատ բարդ և, անկեղծ ասած, ծանր հարց է», — ասել է ՌԴ նախագահը։
«Սակայն Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, մեծ չափով, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ կառաջարկի Հայաստանն ինքը»,- եզրափակել է Պուտինը։