Պատերազմի ժամանակ իմացանք. ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա. Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Իր ելույթում նա նշել է, որ ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա:

«Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել», — ասել է Փաշինյանը։