Լրտեսության մեջ մեղադրվողը գրել է՝ «Ես բանակի կողքին եմ», «Թուրքն իմ թշնամին է»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` լրտեսության մեջ մեղադրվող 19 անձանցից մեկը Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչ Գ. Գ․-ն է: Նա ամուսնացած չէ, ապրում էր ծնողների հետ:

Սակայն Իջեւանի աղբյուրները նշեցին, որ մարզում շատ թերահավատ են այս մեղադրանքի հետ կապված` շատերը պնդում են, թե Գ. Գ․-ն ընդունակ չէր դավաճանական քայլի: Մենք փորձեցինք նաեւ ինչ-որ տեղեկություններ ստանալ Այգեհովիտի համայնքապետից, սակայն վերջինս բավականին վախեցած էր եւ չցանկացավ զրուցել մեզ հետ:

Մենք ուսումնասիրեցինք իջեւանցի մեղադրյալի էջը եւ հայտնաբերեցինք, որ 29-ամյա երիտասարդի բոլոր ստատուսները հայրենիքին ու բանակին են նվիրված: 2020 թ. դեկտեմբերի 1-ին նա գրել է. «Կներեք, տղերք», իսկ 2021 թ. փետրվարի 20-ին եռագույնն է դրել՝ մակագրությամբ․ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»։ 2021-ի հունիսի 6-ին գրել է. «Թուրքն իմ թշնամին է», 2021-ի նոյեմբերի 27-ին` «Բանակի կողքին եմ»: