Այս տղաներն ինքնшսպшնություն գործեցին Երևանում… Մարդկային տգիտության և ատելության զոհերը… Դատեք ինքներդ

Zona Positive FB էջից. Մարդկային տգիտության և ատելության զոհերը…
«Առեղծվածային դեպք՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են դիեր, դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը. պարեկները սահմանազատել են տարածքը»… Ահա նման վերնագրերով են գիշերվանից ողողված մեր լրատվականները: 2 անչափահասներ, իրար ձեռք բռնած, նետվել են կամրջից:

Ինստագրամյան իր էջում Արսենը հրապարակել է նկարներ և գրել` «Happy End: Լուսանկարներով կիսվելու որոշումները և մեր բոլոր համատեղ գործողությունները կայացվել են երկուսիս կողմից», իսկ րոպեներ անց իր սիրած տղայի հետ ինքնասպանություն գործել: Նկարի մեկնաբանություններում Արսենի ընտանիքի անդամներից մեկը գրել էր` «Գնա մեռի, լավ կանես գնաս սատկես, դու էլ մեռի, տղա ես` արի տուն»: Եվ սա միայն մեզ համար տեսանելի կողմն է միայն: Պարզ է դարձել, որ անչափահաս տղաներին մոտ 1 ամիս առաջ դուրս են հանել տանից և նրանց վրա ազդել են չափազանց ուժեղ հոգեբանական տեռորով, որն ի վերջո հանգեցրել է ինքնասպանության: Թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել` մնում է միայն պատկերացնել: Ի դեպ` այդ ընտանիքի անդամը ջնջել է իր մեկնաբանությունը, բայց մենք սքրինշոթ արել ենք, և կտեղադրենք մեկնաբանություններում:

Խոսելու եմ շատ կոպիտ և հստակ, իրերը կոչելով իրենց անուններով:

Երբ ծնողին թվում է, որ իր երեխան իր է և իր սեփականությունն է, չունի իրավունքներ, ինչ կուզի` կանի նրա հետ, և երբ ծնողի համար հարևանի, սրա-նրա մոտ խայտառակ չլինելը գերադասվում է սեփական երեխայի էմոցիաներից, հոգեվիճակից, ապրումներից և առողջությունից, և երբ այդ ամենին գումարվում է հոգեբանական տեռորը և սպառնալիքները, որը հանգեցնում է ինքասպանության, ապա նման ծնողը ծնող կոչվելու որևէ իրավունք չունի, նման ծնողը հանցագործ է և տգետ, ենթակա է ծնողական իրավունքներից զրկման և ճաղերի ետևը շպրտվելու: Թող որևէ մեկը չփորձի արդարացնի այն ծնողին, որը իր քայլերով սեփական երեխային հասցրել է ինքնասպանության: Թող որևէ մեկը չհամարձակվի մարդկային կյանքը դնի համեմատության նժարի վրա և համեմատականներ անցկացնի: Թող որևէ մեկը չպաշտպանի ծնողին, որն իր անչափահաս երեխային դուրս է արել տանից, որի պատճառով իր երեխան ստիպված է եղել անցնել անպատկերացնելի երևույթների միջով: Չի ստացվելու:

Բոլոր դեպքերում խնդիրը անգրագետ անհանդուրժողականության մեջ է:

Մեղավոր են բոլորը` առաջին հերթին ծնողները, որ տգետ են ու խայտառակ չլինելու համար պատրաստ են ամեն ինչի, հետո հասարակությունը, որ ստեղծել է հիմար կանոններ և դրանցով ապրում է, հետո ղեկավարությունը, որը չի կարողանում և չի ուզում մարդկանց բացատրել, որ ԼԳԲՏ անձ լինելը նույնքան նորմալ է, որքան հետերոսեքսուալ լինելը:

Եվ ես հարց ունեմ մարդկանց.
• Այս տղաների ծնողներին ու հարազատներին` մի՞թե մարդկանին կյանքից ավելի թանկ բան կար…
• Հասարակության հոմոֆոբ ներկայացուցիչներին` ձեր ատելությունը հաղթեց, գո՞հ եք:
• Կրկին ծնողներին` երբ եսասերի պես գերադասում էիք «խայտառակ» չլինելը, դա ձեր երեխայի կյանքից կարևո՞ր արժեցավ:
• Կրկին հոմոֆոբներին` երբ ԼԳԲՏ մարդկանց կամ առհասարակ` որևէ մարդու մահն եք ցանկանում, դուք ձեր նողկալի կերպարից չե՞ք զզվում: Երբ ձեր ցանկությունը իրականանում է` ձեզ ավելի լավ, բարձր արժեքներով ու քրիստոնեական մա՞րդ եք համարում:

Իրերը կոչել իրենց անուններով.
Սա կոչվում է ինքնասպանության դրդել, և հենց այդ հոդվածով (քր. օր. 111 հոդված` ինքնասպանության հակելը) պետք է կալանավորել ընտանիքի այն անդամներին և ընդանրապես բոլոր այն անձանց, որոնք նվաստացնելով և սպառնալիքներով ազդել են անչափահասների հոգեկան աշխարհի վրա և ի վերջո հասցրել նրանց ինքնասպանության: Ոստիկանությունը չպետք է գլխառադ անի այս գործը: Երբ ընտանիքի անդամը նկարի մեկնաբանություններում գրում է «գնա մեռի», դա արդեն ինքնին ապացույց է հոգեբանական տեռորի: Մարդու հոգին փխրուն բան է, իսկ ծնողի կողմից այդպիսի բառերը ներսից ուղղակի սպանում ու ոչնչացնում են մարդուն, նրա ապրելու ցանկութկունը և ողջ ներաշխարհը:
Բոլոր սքրինշոթները կցել ենք մեկնաբանություններում:

Կարևոր.
Դիմում եմ բոլոր հայտնի ու ադեկվատ մարդկանց, տիկտոկերների, բլոգերների և այլն. մենք առաջինն ենք, որ դուրս եկանք վխտացող այս հոմոֆոբիայի, անհանդուրժողականության և տգիտության դեմ` մեր մեջ ունենալով 1 կարևոր գաղափար` ԿԱՆԽԵԼ ՀԵՏԱԳԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` մարդկանց մանրակրկիտ կերպով բացատրելով, որ հոմոֆոբիան կործանարար է, որ հոմոֆոբիան մահացու է, որ հոմոֆոբիան տգիտություն է և որ հոմոֆոբիան չարիք է: Մարդիկ, ի վերջո, պետք է հաշվի նստեն այն փաստի հետ, որ աշխարհում, անկախ իրենց ցանկությունից, կա´ն ԼԳԲՏ անձիք, և նրանք մեր մե´ջ են, մեր բարեկամնե´րն են, մեր հարազատնե´րն են, մեր քույրե´րն ու եղբայրնե´րն են, մեր ընկերնե´րն են, մեր կողակիցնե´րն են` մա´րդ են, ինչպես և մենք` մսից և արյունից, շնչելու և ապրելու հավասա´ր իրավունքներով:

Մենք` բոլոր հայտնիներս, միասին միայն կարող ենք դուրս գալ այս մարտնչող տգիտության դեմ և պայքարել հոմոֆոբիա կոչվող չարիքի դեմ` փրկելով կյանքեր: Առանց մտածելու հետևորդներ կորցնելու մասին, առանց վախենալու փնթի և անգրագետ մասսայի նեգատիվ արձագանքից: Դա նրանց անգրագետ դեմքն է ցույց տալիս և կրթության մակարդակը, ուրիշ ոչինչ: Մենք ունենք հսկայական լսարան, մեր ձայնը լսելի է, մեր խոսքը` շատերի համար ընդունելի, ուրեմն մենք պարտավոր ենք հանուն ավելի լավ հասարակության խոսել: Թող սա ֆլեշմոբ լինի` հանուն մարդկային կյանքերի փրկության: Մենք պետք է ատելությանը դեմ դուրս գանք, այլ տարբերակ չկա: Երբ ընտանիքի անդամն է ասում` «գնա մեռի», դա արդեն շատ լուրջ է: Այս կործանարար ատելությանն ու չարությանը պետք է վերջ դրվի: