2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ:
Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:
Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին: