Բալոնը ստուգեք, աղ մի ցանեք, դիմակ կրեք… Թողեք ապրենք, էլի, ի՞նչ եք ուզում

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ ամիսներ առաջ էր հայտնել, որ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են 200 հազար դրամով: 

«Բալոնը ստուգեք, աղ մի ցանեք, կշեռքով ստուգվեք, դիմակ կրեք։ Ամեն օր մի բան հնարում են։ Նենց եմ ուզում հասկանամ կամ մի հատ տեսնեմ էդ պահը՝ ովքեր են հավաքվում, որտեղ են նստում ու սենց խնդալու օրենքներ ընդունում։ Էս էն դեպքերից է, որ հա, խնդում ենք, բայց հետո մարդու լաց է գալիս, որովհետև մեր էդ օրենքները ուղիղ մեր գրպաններին է կպնում։ Ես խի պիտի 200 հազար դրամ տուգանք վճարեմ։ Ի՞նչ, 200 հազար աշխատեմ, 200 հազար հետ տամ իրանց, հա՞»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդներից մեկը։

«Երկու սռնի ունեցող ավտոյի թույլատրելին 18 տոննա է, երեքինը՝  25, երեք սռնի ունեցող ավտոյինը կարող է համ էլ  26 տոննա թույլատրելի լինել, բայց եթե ամեն սռնու վրա զույգ ակեր են։ Ո՞վ է գրել սենց բան, ո՞վ է սա մտածում։ Ի՞նչ անենք, մենք էլ թողնենք գնանք ստեղից, որ լավ լինի երևի։ Կրակն ենք ընկել, այ ախպեր ջան, որ մնացել ենք, ուրիշների պես դրսերը չենք, մեր հողը սիրում ենք, ջուրը սիրում ենք, թողեք մենք մեր հալալ փողը աշխատենք, ի՞նչ եք ուզում մեզնից»,- հավելեց նա՝ տեղեկացնելով նաև, որ երեկ Էջմիածին-Երևան մայրուղում մարդաշատ բողոքի ակցիա են կազմակերպել վարորդները, եղել են նաև բերման ենթարկվածներ։