Կապիտան Արկադի Բարսեղյանի հրամանատարությամբ թշնամուն մեծաթիվ կորուստներ է հասցվել. Հերոսական դրվագներ

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերոսական դրվագներ է ներկայացնում. 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների նախահարձակ գործողությունների ընթացքում N զորամասի դիվիզիոնի Դ-30 հրետանային մարտկոցը՝ կապիտան Արկադի Իշխանի Բարսեղյանի հրամանատարությամբ, զբաղեցրել է կրակային դիրքեր, անցել մարտական խնդրի կատարմանը և, հակառակորդի կրակը վերցնելով իր վրա, ապահովել է մյուս ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից անվտանգ դուրսբերումը դեպի կիրառման շրջաններ, տեղաշարժն ու բացազատումը:

Ռազմական գործողությունների ընթացքում հրետանային մարտկոցը դիպուկ կրակով բազմիցս կասեցրել է թշնամու գրոհային խմբերի և ռազմական տեխնիկայի առաջխաղացումը, ճնշել հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ: