Ադրբեջանի կողմից դրական պատասխան չկա՝ արդյո՞ք ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով ՄԱԿ-ում ունեցած իր ելույթին։ «ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես մի պարզ հարց տվեցի․ Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջզգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե այդպես է, կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ցավոք՝ դրական պատասխան չկա։ Հարց․ ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել էր.
«Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար»։