2020թ․-ի պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրն այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին հայտնեց, որ պանթեոնի մուտք տանող աստիճանների դիմաց գտնվող կայանատեղիից ոստիկանները հեռացրել են ծնողներին պատկանող մեքենաները։
«Մարդ ի՞նչ աստիճանի ստոր պետք է լինի, որ ձեռք բարձրացնի այն ծնողի վրա, ում երեխայի հաշվին ինքն ու իր երեխաներն ապրում են։ Ոչ մի բան չէինք անում, ուղղակի չէինք թողնում մտնել, որովհետեւ չենք ուզում, որ դա գա մեր տղաներին շիրիմներին։ Մեքենաներն այստեղից հավաքել տարել են, ինչո՞ւ։ Սա թույլատրելի տարածք է։ Անձնական իրերս, փաստաթղթերս մեքենայի մեջ էին, ի՞նչ իրավունքով են տարել»,-հարցադրում արեց մայրը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
«Ո՞ւր է մեքենան։ Եկել տեսել ենք, որ չկա։ Մի քանիսինը եւս չկա»,-ասաց մայրը։ Մեկ այլ ծնող էլ հաստատեց, որ իր մեքենան չի գտնում։