Մեր այցի կարևորությունը նաև այն է, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն ինչպիսի՞ աջակցություն է պատրաստվում տրամադրել Հայաստանին, այն կարո՞ղ է լինել ռազմական և արդյոք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։
«Այստեղ ենք, որպեսզի լսենք և հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ կան», — հայտարարեց Փելոսին։
ՀԱՊԿ-ի հետ կապված մենք որևէ բան չենք ասում, հասկանում ենք, որ Հայաստանն այդ կազմակերպության մաս է ՌԴ-ի հետ։ Սակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն։
«Ժողովրդավար աշխարհում անչափ կարևորում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Եվ, ինչպես պարոն Փալոնեն նշեց, մենք որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին։ Սակայն, Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել», — անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին՝ հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը։
«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», — հայտարարեց Սփիերը՝ պատասխանելով միջանցքի վերաբերյալ հարցին։
Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Նա վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ-ում Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։
«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը», — հայտարարեց Փելոսին։
Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում, խորհրդարանում այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին։
Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետևանքով կան բազմաթիվ մարդկային կորուստներ։ Երախտապարտ ենք ԱՄՆ-ին՝ իր ջանքերի համար, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը», — ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հայտարարեց, թե ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի Հայաստանի պետականության համար։