Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 19-ամյա Արեն Մալաքյանը․.. Նա ցանկանում էր նկարիչ դառնալ

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արեն Մալաքյանը։

19-ամյա Արեն Մալաքյանը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արենի համագյուղացին, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի։

«Արենը սովորում էր Վանաձորի պետական համալսարանի Կերպարվեստի բաժնում․ ցանկանում էր նկարիչ դառնալ։ Հաճախ նկարում էր նաեւ նախորդ պատերազմներում զոհված տղաններին։ Արենը շատ ազնիվ, տաղանդավոր, բարի տղա էր ու շատ էր սպասում իր ծառայությանը»,- նշեց համագյուղացին։

Արեն Մալաքյանը ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Հայրը շինարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։

Նա ծառայում էր Վարդենիսում։

Արենը զոհվել է սեպտեմբերի 14-ին։ Նա հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը։