Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ զոհերի՝ այս պահի դրությամբ հրապարակված թիվը կարող է փոխվել, քանի որ կան անհետ կորածներ ևս, նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը, ճշտելուց հետո էլ կհրապարակեն այդ թվերը:
«Կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»,- ասաց Քոչարյանը:
Ըստ նրա՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն հայկական կողմի տնօրինման տարածք:
Նրա խոսքով՝ դա այս պահի դրությամբ բարդ խնդիր է, հրադադարի պայմանաներում նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում, ամեն ինչ կլինի ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության:
Անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությանը, որ Ադրբեջանը, վստահելի տեղեկությունների համաձայն, ծրագրում է ևս մեկ հարձակում՝ Քոչարյանն ասաց.
«Մենք պետք է զգոնությունը չկորցնենք: Մեր ԶՈՒ-ն համապատասխան տեղեկատվությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունի: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրսները և այն կառավարման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»: