Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. hարգեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, այսօրվա դրությամբ, զոհերի թիվը 135 է։ «Ցավոք, այս թիվը դեռ վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ», — ասաց նա։
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. երեկ պահպանվել է հրադադարի ռեժիմը։ «Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը», — կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ադրբեջանական զոքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։
«Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավարի հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Հայաստանը այս դիրքորոշումն է արձանագրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ», — ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։